Այսօր մագիստրոսական ավարտական դիպլոմներ ստացան Հատուկ կրթության ֆակուլտետի 61 շրջանավարտներ, որոնցից 21-ը՝ գերազանցության:.jpg)
Շրջանավարտներին շնորհավորեցին բուհի պրոռեկտորներ Սրբուհի Գևորգյանը, Մհեր Մելիք-Բախշյանը, Հատուկ կրթության ֆակուլտետի որակավորման քննությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Մելիք-Փաշայանը, դեկան Արմինե Ավագյանն ու Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի վարիչ Ժաննա Պայլոզյանը:
Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորեց բուհն ավարտելու, ինչպես նաև գարնանային մեկամսյակի կապակցությամբ և մաղթեց, որ օրն իր ուրույն տեղն ունենա յուրաքանչյուրի երևակայության և հուզական հիշողության մեջ՝ որպես ջերմության և մասնագիտական ոլորտում կոնկրետ ներդրումներ ունեցած մարդկանց պատգամներ:
Պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը միացավ գործընկերոջ շնորհավորանքներին` շրջանավարտներին հորդորելով չխզել կապը համալսարանի հետ և հպարտությամբ կրել մանկավարժի կոչումը:
«Ուսանողական անհոգ և ուրախ օրերին փոխարինելու են գալիս պատասխանատու տարիները: Սիրեք երեխաներին և ձեր մասնագիտությունը՝ պահպանելով ձեր բուհի լավագույն ավանդույթները»,-ասաց Արմեն Մելիք-Փաշայանը և ավելացրեց՝ ձգտեք լինել ավելի լավ մասնագետներ, քան ձեր ուսուցիչներն են:
Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմինե Ավագյանը միացավ օրվա առթիվ հնչած շնորհավորանքներին, սակայն դժվարացավ նրանց համարել շրջանավարտներ և դիմեց նախկինի պես՝ սիրելի ուսանողներ. «Հատուկ կրթության ոլորտն ընտրելու հանգամանքն արդենիսկ բնութագրում է ձեր մարդկային տեսակը. ձեզանից յուրաքանչյուրի մեջ կա մարդկանց օգնելու, սատարելու հատիկ: Օրեցօր աճող մեր ոլորտի համար դուք պետք է զգաք մեծ պատասխանատվություն՝ ուսերի վրա կրելով այն ծնողների հույսերը, ում երեխաներն ունեն ձեր կարիքը»:
Արմինե Ավագյանը վստահեցրեց՝ աշխատաշուկան կգտնի ներկայիս հատուկ մանկավարժ-շրջանավարտներին՝ արդարացնելով բուհի՝ իր շրջանավարտով հպարտ լինելու ցանկություններն ու հույսերը:
Ի դեպ, գերազանց առաջադիմությամբ շրջանավարտները նվեր ստացան նաև մասնագիտական գրքեր: