ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ 145 ուսանողի կտրամադրվի կրթաթոշակ
12.03.2014

Այսօր Մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը բուհի 10 ֆակուլտետների առկա ուսուցման համակարգում սովորող 145 ուսանողների Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հանձնեց հավաստագրեր:

ՀՀ կառավարության աջակցությամբ հիմնադրամի հայտարարած կրթաթոշակի տրամադրման մրցույթին արժանացան բարձր առաջադիմություն, հասարակական ակտիվություն ցուցաբերած, սոցիալապես անապահով և սահմանամերձ շրջանների 1-ին կուրսի անվճար համակարգում չընդգրկված ուսանողները:

Ի դեպ, նրանց 2013-2014 ուսումնական տարվա վարձավճարները կզեղչվեն 80 հազար դրամով:

ՈւԽ նախագահ Ներսիկ Մարգարյանը, ողջունելով և շնորհավորելով կրթաթոշակի արժանացածներին, նկատեց՝ սա մի ծրագիրը է, որը օգնում է լուծել ուսանողների սոցիալական խնդիրներն ու խթանել նրանց առաջադիմության բարձրացմանը. «Մանկավարժական համալսարանում շարունակվում է հավատարմագրման գործընթացը.այս ընթացքում փոփոխության են ենթարկվել բուհական կրթության որակն ու կրթական գործընթացը: Պատահական չէ, որ Մանկավարժականը մասնակից բուհերից առաջին էր, թե´ մասնակցության ակտիվությամբ, թե´ կրթաթոշակ ստացածների թվով. ի տարբերություն նախորդ տարվա 104 ուսանողի` այս տարի ծրագրին մասնակցելու հայտ էր ներկայացրել 259, ինչը պայմանավորված է նաև ՈւԽ-ի` ուսանողների առավել լայն շրջանակին իրազեկելու հանգամանքով»:

Ներսիկ Մարգարյանը կատարված փոփոխությունների շարքում հիշեցրեց, որ բուհի 1-ին կուրսեցիներն այս տարվանից ֆիզիկական կուլտուրայի պարապմունքներին մասնակցում են մանկավարժական համալսարանի տրամադրած համազգեստով. նրանք նաև օգտվում են անվճար լողավազան հաճախելու հնարավորությունից. «Այս ամենը միտված է ձեր ուսումնական առօրյան առավել հագեցած և հետաքրքիր դարձնելուն, իսկ կրթաթոշակի տրամադրումը փաստում է, որ 21-րդ դարի ուսանողը պետք է զինված լինի հարուստ գիտելիքներով»:

ՈւԽ նախագահի հետ միակարծիք է նաև Գեղարվեստական կրթության ֆակուլտետեի «Հագուստի դիզայն» բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Վարդուհի Բարսեղյանը: Նա կրթաթոշակ ստանալու մեծ հույսեր չուներ, սակայն նկատում է, որ վարձի փոքր-ինչ զեղչումն անգամ` կարևոր է յուրաքանչյուր ուսանողի համար:

Կրթության հոգեբանության ֆակուլտետի «Սոցիալական աշխատանք» բաժնի ուսանողուհի Անի Առաքելյանն էլ նկատում է` թեպետ գումարի կարիք առանձնապես չուներ, բայց ուրախ է, որ մեր օրերում գիտելիքը գնահատվում է, իսկ բարձր առաջադիմությունը` օգնում կրճատել ուսման վարձը: