Բակալավրիատի դիպլոմը բավարա՞ր է աշխատանքի անցնելու համար, ի՞նչ աշխատանքներ են առաջարկվում արվեստի ուղղվածությամբ շրջանավարտներին, ի՞նչ է առաջարկում

Հայաստանի գորածատուների հանրապետական միությունը մարզերից եկած ուսանողներին. բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողների հետ հանդիպման ընթացքում այս և նման այլ հարցերի Հայկական պետական մանկավարժական համալսարանում պատասխանեց Հայաստանի գորածատուների հանրապետական միությունը նախագահ Գագիկ Մակարյանը:
Վերջինս ուսանողներին ներկայացրեց աշխատաշուկայի և տնտեսության համար կարևոր մի քանի թիրախային ուղղություններ, որոնց կարևորագույն մասը կրթություն-աշխատաշուկա կապն է. «Տնտեսական խնդիրներով պայմանավորված՝ աշխատաշուկան ներկայումս լճացած վիճակում է: Այդ համատեքստում կրթություն-աշխատաշուկա կողմերը ճիշտ չեն ընկալում միմյանց պահանջները. կրթական համակարգն աշխատում է առաջարկի սկզբունքի վրա, իսկ աշխատաշուկան էլ ի վիճակի չէ հստակ ձևակերպել իր պահանջները, զարգացման տենդենցներն ու կանխատեսումները»:
Գագիկ Մակարյանն ուսանողներին ներկայացրեց Միության՝ 2008 թվականից մինչ օրս կատարած ուսումնասիրությունների արդյունքները՝ ընդգծելով, որ գործատուն շեշտը դնում է անձի պատասխանատվության, գաղտնապահության, ազնվության, ինքնուրույնության, աշխատասիրության, համարձակության և մի շարք այլ հատկանիշների վրա. «Գործատուն շատ հաճախ վերոնշյալ հատկանիշները գերադասում է նույնիսկ գիտելիքներից, իսկ օտար լեզվի իմացությունը գործատուի համար մասնագիտություն չէ, այլև աշխատանքում կիրառվող արդյունավետ գործիք»:

Դիմելով ապագա մանկավարժներին՝ վերջինս նրանց հորդորեց դպրոց մտնելիս լինել հանրագիտակ, քանի որ աշակերտների մեծ մասն իրեն հետաքրքրող հարցերի պատասխաններն ակնկալում է ստանալ դպրոցում:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՊՄՀ պրոռեկտոր Արա Երեմյանն ու Հեռանկարային ծրագրերի մշակման և մշտադիտարկման վարչության պետ Ռիտա Գևորգյանը:
Արա Երեմյանը կոչ արեց ուսանողներին այս հանդիպումը չդիտարկել որպես Միության մասին տեղեկացված լինելու համար նախատեսված հավաք. «Սա ինչ-որ առումով գործնական առաջարկություն էր, իսկ Հայաստանի գորածատուների հանրապետական միության նախագահի խորհուրդները՝ խիստ կարևոր աշխատաշուկայում ճիշտ և գրագետ կողմնորոշվելու համար»:
Ռիտա Գևորգյանն էլ հավելեց՝ բուհի Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ և հանդիպումներ՝ նպաստելու համար աշխատաշուկայում ՀՊՄՀ շրջանավարտների մրցունակությանը: