Ապրիլի 4-ին Մանկավարժական համալսարանի Բանասիրական ֆակուլտետ էր այցելել Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Հանդիպման սկզբում Բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր Յուրի Դավթյանը Շարմազանովին ներկայացրեց նախ որպես Մանկավարժական համալսարանի շրջանավարտ, ապա` իր գաղափարներին հավատարիմ, հայրենասեր և արտաքին քաղաքականության գիտակ մարդ:
Շարմազանովը, կարևորելով երկրի ներկայիս իրավիճակին տեղեկացված լինելը, ուսանողներին ներկայացրեց «Հայաստանը և աշխարհաքաղաքական զարգացումները» թեմայով դասախոսություն:
Դասախոսության ընթացքում ԱԺ փոխնախագահը վերլուծեց ՀՀ-ի հետ առնչություն ունեցող տարբեր երկրների քաղաքական վիճակը, ապա` դրա համատեքստում նաև Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությունը:
Խոսելով Արցախ-Ադրբեջան հարաբերությունների մասին` Շարմազանովը հստակեցրեց.

«Արցախն իր անկախությունը հայտարարել է դեռ Ադրբեջանից առաջ: Դարերի ընթացքում մենք մեր արյամբ ենք ապացուցել, որ հայն ապրելու և արարելու իրավունք ունի: Ադրբեջանն այսօր լուրջ հակահայկական քաղաքականություն է վարում բոլոր ուղղություններով: Սա նշանակում է, որ արտաքին քաղաքականությունում մենք նույնպես պետք է լինենք նախաձեռնող»:
Դիմելով ուսանողներին`Շարմազանովն ընդգծեց, որ հայերն իրավունք չունեն ետ մնալ աշխարհից և նրան համընթաց չքայլել: Այսօր յուրաքանչյուրն ունի ցանկացած ինֆորմացիա տարածելու լայն հնարավորություն, պարզապես պետք է կարողանալ ունեցած գիտելիքներով մրցունակ լինել տեղեկատվական տարածքում:
Նա նաև առաջարկեց ազգայինը քարոզելու համար պայքարել հնարավոր բոլոր տարբերակներով, մինչև անգամ` ինֆորմացիայի տարածումը սոցիալական ցանցերում:
Դասախոսության ընթացքում վերլուծությունների, փաստերի համադրմամբ Շարմազանովը համեմատություններ կատարեց Հայաստանի և հարևան պետությունների միջև:
«Մեզնից շատերն անգամ չեն էլ պատկերացնում, որ Հայաստանն այսօր չհայտարարված պատերազմի մեջ է: Մենք պետք է պատրաստ լինենք 21-րդ դարի նետած մարտահրավերներին:

Հայաստանն այսօր հարևանների հետ հարաբերությունները կառուցում է երկարատև խաղաղության և կայունության սկզբունքներով: Ուստի, պետք է առաջնորդվել միայն ազգային-պետական շահերով, ազգային խնդիրներով, լինել միասնական և իրականացնել ճկուն հայակենտրոն քաղաքականություն »,-ավելացրեց Էդուարդ Շարմազանովը:
Մեջբերելով Գարեգին Նժդեհի խոսքը` նա հորդորեց ուսանողներին հպարտանալ հայ լինելու համար, քանի որ նրանք են կերտում անկախ պետության պատմությունը. «Այն մարդը, ով դժգոհում է իր հայրենիքից, նա տառապում է ոգու հիվանդությամբ»,-դասախոսության ավարտին ասաց Էդուարդ Շարմազանովը:
Դասախոսությանը ներկա Բանասիրական ֆակուլտետի դեկան Յուրի Դավթյանը հանդիպման ավարտին դիմելով ԱԺ փոխնախագահին, ասաց. «Սա բացառիկ դասախոսություն էր: Փաստերով ապացուցված վերլուծությունը և աշխարհաքաղաքական զարգացումների մասին Ձեր փոխանցած տեղեկատվությունը մեզ անչափ մտահոգեց: Արտաքին քաղաքականության բնագավառում փորձառու ոսկերչի աշխատանք է կատարվում. այդ է պատճառը, որ մենք չենք էլ պատկերացնում երկրի ներկայիս վիճակը»:
Բանասիրական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Վանուհի Բաղրամյանը շատ է կարևորում նման դասախոսությունները. «Մեզ համար կածրատիպ է դարձել, որ քաղաքական գործիչները խոսում են միայն տերմիններով: Հաճելի էր լսել Էդուարդ Շարմազանովի այս յուրօրինակ դասախոսությունը, որում տերմիններին փոխարինում էր հայրենասիրական ոգին: Մեզանից յուրաքանչյուրն իրեն զգաց հայրենիքի համար մղվող գաղափարական պայքարում հզոր անհատականություն»:
Ի դեպ, ազգայինը քարոզելու համար Բանասիրական ֆակուլտետում հաճախ են կազմակերպվում միջոցառումներ, բաց դասեր, դասախոսություններ: