Երկարատև հիվանդությունից հետո, կյանքի 75-րդ տարում մահկանացուն կնքեց Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Ռեժիսուրայի բաժնի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Արտաշես Հովհաննիսյանը:
Նա 1961-1966 թվականներին սովորել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում, ստեղծագործական կենսագրությունը սկսել է Իջևանի ժողովրդական թատրոնում, ապա աշխատել Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, որտեղ բեմադրել էր «Տորեադորների վալսը» , «Մթին պատմություն», «Աշնան արև» և մի շարք այլ ստեղծագործություններ:
Բեմադրություններ է իրականացրել Թիֆլիսում, Բեյրութում, Հալեպում, Երևանի Պատանի հանդիսատեսի, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան և այլ թատրոններում:
Հյուրախաղերով հանդես է եկել Յուրմալայում, Սոչի-Բուրգասում, Աբխազիայում, Արցախում, ինչպես նաև հանրապետության շրջաններում և քաղաքներում:
Արտաշես Հովհաննիսյանը Հայաստանում առաջինը` 1987 թվականին ստեղծեց ոչ պետական թատրոն՝ «Նորք» թատրոն-ստուդիան, որը գործեց տևական ժամանակ, իսկ կյանքի վերջին տարիներին ստեղծեց «Թեքեյան» թատերախումբը:
Անվանի բեմադրիչ-մանկավարժ Արտաշես Հովհաննսիյանը 1985 թվականից մինչ օրս դասավանդում էր Մանկավարժական համալսարանում: