ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ դասախոսները` ԼՂՀ զորամասերում
17.03.2014
Օրերս Մանկավարժական համալսարանի դասախոսները Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի կողմից իրականացվող «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակում այցելել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի զորամասեր` Շուշի, Բալուջա, Սրխավենդ:
Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Հակոբ Թադևոսյանը, դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Վոլոդյա Գասպարյանը, հայցորդ Վահե Մովսիսյանը, Հայոց պատմության ամբիոնի դոցենտներ Սամվել Պողոսյանն ու Արմեն Ասրյանն իրենց դասախոսություններում անդրադարձան Պարույր Սևակի, Վիլյամ Սարոյանի, Արամ Մանուկյանի գործունեությանը, Պաղեստինի ճակատամարտում Հայկական լեգեոնի դերակատարությանը, զինվորական ծառայությանը:
Դասախոսությանը զուգահեռ ցուցադրվեցին նաև Սարոյանի և Սևակի կյանքի ու գործունեության մասին պատմող տեսանյութեր:
Դասախոսություններին, ցուցադրություններին հաջորդեց ակտիվ հարց ու պատասխան:
«Մանկավարժական համալսարանի դասախոսների այցերը, հանդիպումներն ու դասախոսությունները զորամասերում դարձել են ավանդական: Զինծառայողներին ազգի պատմությանը, մշակութային ժառանգությանը ծանոթացնելուն նպատակաուղղված այցն ուներ առանձնահատկություն.ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր պատանիներն ու երիտասարդները կարիք ունեն իդեալների, նմանակման, ընդօրինակման կերպարների, ազգային կերպարների, ինչն էլ հիմք դարձավ դասախոսությունների թեմաների ընտրության համար»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Հակոբ Թադևոսյանը: