ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի ներկայությամբ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը և Բուլղարիայի լավագագույն բուհը՝ Սոֆիայի Սբ.Կլիմենտ Օրխիդսկու անվան համալսարանը հինգ տարվա ժամկետով համագործակցության հուշագիր ստորագրեցին:
«Մեր երկրների բուհերի միջև լավ հին կապեր են հաստատված:Արդեն երկար տարիներ համալսարանում ներառված է «հայագիտություն» առարկան»,- երեքշաբթի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը:
Բացի այդ, Բորիսովը նշեց, որ հինգ տարվա ընթացքում համալսարանական հրատարակչությունում բուլղարերեն լեզվով հրատարակվել է Հայաստանի պատմության մասին երեքհատորանոց գիրքը:
«Համաձայնագիրն առաջիկա հինգ տարիների ընթացքում բուհերի միջև համագործակցություն է նախատեսում»,-ասաց մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:
Նա նշեց, որ այդ ժամանակահատվածում նախատեսվում է համատեղ գիտաժողովների անցկացում, ուսանողների, դասախոսների և ադմինիստրատիվ աշխատողների փոխանակություն, համատեղ հետազոտությունների կատարում, ուսումնական ծրագրերի իրականացում ըստ աշխատանքային ծրագրում նշված առարկաների, վկայագրերի փոխադարձ ձանաչում:
Համագործակցությունը կլինի կրթության, գիտական և ուսումնամանկավարժական գործունեության ոլորտներում` ժամանակակից տեխնոլոգիաների բոլոր հնարավորությունների և միջոցների կիրառմամբ:
Հայկական մանկավարժական համալսարանի ռեկտորը չբացառեց ստորագրված համաձայնագրի շրջանակներում Հայաստանում Բուլղարիայի պատմությանը վերաբերող գիտահետազոտությունների անցկացումը:
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը հիմնադրվել է 1922թ.-ին:
Սոֆիայի համալսարանը, որը կրում է սլավոնական գրի հիմնադիրներից մեկի՝ Սբ. Կլիմենտ Օրխիդսկու անունը, Բուլղարիայի ավագագույն բուհերից է և հիմնադրվել է 1888թ.-ին:
Սոֆիայի Սբ.Կլիմենտ Օրխիդսկու անվան համալսարանի ներկայիս ռեկտորը պատմական գիտությունների դոկտոր, 13 գրքերի հեղինակ Իվան Իլչևն է:
Ի դեպ, հետաքրքիր համընկնումով համաձայնագիրը կնքած երկու ռեկտորներն ունեն մի շարք նմանություններ: Նրանք երկուսն էլ պատմական գիտությունների դոկտոր են, յուրաքանչյուրն իր երկրում ավարտել է նույն համարը կրող` 114 անգլիական թեքումով դպրոցը, և մինչև ռեկտոր ընտրվելը եղել են նույն համալսարաններում ֆակուլտետի դեկաններ, երկուսի հայրերն էլ աշխատել են նույն բուհերում, և մասնագիտությամբ պատմաբաններ են:
