ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էր քաղաքագետ Հենզել Մանուչարյանը
20.03.2014
Մանկավարժական համալսարանում շարունակվում են քաղաքագիտական լսումները. այսօր Պատմության և իրավագիտության ֆակուլտետի Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի և Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ բուհում էր փիլիսոփայական գիտությունների դոկտոր, քաղաքագիտության պրոֆեսոր Հենզել Մանուչարյանը:
Ուսանողների հետ հանդիպման ընթացքում քաղաքագետն անդրադարձավ հայ քաղաքագիտության` որպես հայ ազգի քաղաքական հավաքական մտածողության զարգացման ընթացին և հայ քաղաքական մտքի պատմությանը:
Հենզել Մանուչարյանն իր ելույթում նկատեց` հայ քաղաքական կյանքն ընթացել է հակասական վայրիվերումներով, փուլային զարգացումներով և ունեցել քաղաքական մտքի իր ուրույն որակը: Հայ քաղաքական մտքի հիմքը եղել է մաշտոցյան գրերի գյուտը, իսկ հայոց առաջին քաղաքագետը Մեսրոպ Մաշտոցն էր. «Հայ իրականության մեջ դարեր շարունակ պայքար է ծավալվել հայ միաբնակ քիստոնեության, արևմտա-քրիստոնեակության և իսլամական քաղաքակրթության միջև: Եվրոպայի և Ասիայի սահմանագլխին գտնվող Հայաստանում մշտապես բախվում էին այս աշխարհամասերի քաղաքակրթությունները: Պատմական փաստերը վկայում են` հայ ազգային մշակույթի գլուգործոցները արևմտյան քրիստոնեկան և հայ միաբնակ քրիստոնեկան քաղաքակրթությունները կերտվել են հաղթանակների դարաշրջանում»:
Քաղաքագիտության պրոֆեսորը, խոսելով ուշ միջնադարի հայ քաղաքական մտքի զարգացումների մասին, նշեց, որ այն ամբողջովին արարվել է գաղթաշխարհում: Շնորհիվ հայ աշխարհասփյուռ գաղթավայրերի` աշխարհի առաջադեմ գաղափարները ազգայնացվել են և ստեղծել մշակութային համաշխարհային արժեքներ.«Հայ քաղաքագիտության հաջորդ փուլը կայացել է 19-րդ դարի 2-րդ կեսին` հասարակական-քաղաքական ակտիվ փուլում, իսկ քաղաքագիտական մտքի մյուս փուլը համընկավ հինգուկեսդարյան կորստից հետո վերակերտված պետականության շրջանի հետ` 1920-30-ական թվականներին»,- նշեց նա:
Հենզել Մանուչարյանն ամփոփելով իր ելույթը նկատեց` հայ քաղաքական մտածողության առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ դրանք զուգահեռներ են ունեցել արևմտաեվրոպական մեծ թռիչքների և հաղթանակների հետ:
Արդյո՞ք հայերը Առաջավոր Ասիայում կարող էին լինել քաղաքակրթության տարածողներից մեկը, ինչպիսի՞ն է այսօրվա հայ քաղաքական միտքը, որո՞նք են հանդիսացել հայ քաղաքական մտքի ձևավորման և ծագման աղբյուրները. հանդիպման ընթացքում ներկաների այս և մի շարք այլ հարցերի բանախոսը տվեց քաղաքագիտական պատասխաններ:
Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գևորգյանը շնորհակալություն հայտնեց քաղաքագիտական քննարկման, իսկ Հենզել Մանուչարյանին` գիտականորեն հագեցած ելույթի համար: Դեկանը նկատեց` հայ ժողովուրդը անկախ ամեն ինչից ապրել է հասարակական ակտիվ կյանքով.այսօրը բացառություն չէ. «Պատմական փորձը փորձ, բայց ապագայի տեսլականըձեզնիցէ կախված.դրան պետք է հասնել գիտելիքով»:
Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ Լևոն Շիրինյանն էլ նկատեց` Մանկավարժականի քաղաքագիտական լսումներին մասնակցում են միայն ստեղծագործ մարդիկ.այս հանդիպումները նպաստում են գիտելիքի փոխանցմանն ու քաղաքագիտական մտքի ձևավորմանը: