Այսօր ՀՊՄՀ-ի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ համալսարանում էին բուհերի հոգևոր պատասխանատու Գեղամ սարկավագ
Ավետիսյանն ու Էջմիածնի Գևորգյան ճեմարանի 6-րդ կուրսի սան Գևորգ սարկավագը:
Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո հոգևորականներն ուսանողներին ներկայացրին Մեծ Պահքի նշանակությունը, ապաշխարության և աղոթքների խորհուրդը:
Խոսելով Մեծ Պահքի մասին` Գեղամ սարկավագը նկատեց` այն նպաստում է մարդու մարմնի և հոգու մաքրմանը, թուլությունների հաղթահարմանն ու մարդկային կամքի ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև Պահքի շրջանում օգտագործվող սննդի, անհրաժեշտ աղոթքների և մարդու վարվելակերպին. «Յուրաքանչյուր քրիստոնյայի համար անհրաժեշտություն է իր մտքում և սրտում ունենալ Տերունական այս կենսատու խորհուրդները:
.jpg)
Գիտակցելով և ապրելով քրիստոնեական եկեղեցու հայրերի կողմից սահմանված կանոններով և պատգամներով` բարի ընթացք ենք հարթում մեզ համար: Աստծուն ապավինելով` ավելի հեշտ ենք հաղթահարում կյանքում հանդիպող խոչընդոտներն ու դժվարությունները»,- ուսանողների հետ զրույցում նշեց Գևորգ սարկավագը:
Ուսանողները մի շարք հարցեր ուղղեցին հյուրերին և հետաքրքրվեցին Հայաստանում գործող քայքայիչ աղանդավորական շարժումների մասին: Գեղամ սարկավագը մանրամասնեց Հայ առաքելական եկեղեցու ձեռնարկած միջոցառումները, որոնք, ըստ հոգևորականի, կնպաստեն եկեղեցու շուրջ ժողովրդի համախմբմանը:
Հանդիպման վերջում Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկանի օգնական, ՈւԽ նախագահ Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց հոգևորականներին և կարևորելով նման հանդիպումները` դրանք որակեց եկեղեցի-համալսարան կապի զարգացմանը, ուսանողների հոգևոր գիտելիքների ավելացմանը միտված գործընթաց. «Տեղեկատվական ցանցակենտրոն պատերազմների հորձանուտում գտնվող հասարակության համար չափազանց կարևոր է դիմագրավել ներկայիս մարտահրավերներին և համախմբվել դարեր շարունակ հայ ժողովիրդի պահապան հանդիսացող Հայ Առաքելական եկեղեցու շուրջ»,-հավելեց նա: