ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայտնի են լավագույն գրական ստեղծագործողները
28.03.2014
Ուսանողական գիտական ընկերության և «Չորեքշաբթի» գրական ակումբի նախաձեռնությամբ Մանկավարժական համալսարանում կայացավ միջբուհական գրական-ստեղծագործական ամենամյա փառատոնը:
Փառատոնին մասնակցում էին ինչպես ՀՊՄՀ-ի, այնպես էլ ԵՊՀ-ի, ՀՀ ԳԱԱ մագիստրատուրայի, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի, ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիայի ինստիտուտի, ՀՀ ոստիկանության ակադեմիայի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի, Արցախի պետական համալսարանի, Մոսկվայի նոր իրավաբանական համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողներ, «Եվրասիա» վարժարանի աշակերտներ:
Ժյուրիի կազմում ընդգրկված էին ճանաչված գրականագետներ, արվեստագետներ, լրագրողներ, հասարակական-պետական գործիչներ Տիգրան Պետրոսյանցը, ՀՊՄՀ պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը, Աելիտա Դոլուխանյանը, Արթուր սարկավագ Արամյանը, Արմինե Հայրապետյանը, Արևշատ Ավագյանը, Վրեժ Սարուխանյանը, Ջուլիետա Մարտիրոսյանը, Դիանա Մարկոսյանը, ՈւԽ նախագահ Ներսիկ Մարգարյանը, ՈւԳԸ նախագահ Մարիամ Մելքումյանը, ՈւԽ փոխնախագահներ Արմենուհի Սումրուլյանը, Արփինե Խաչատրյանը: Ժյուրին գլխավորում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Փառատոնի ավարտին ժյուրին ամփոփեց արդյունքները. «Լավագույն արձակ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանողուհի Օֆելյա Մելիքյանը, «Լավագույն չափածո»՝ ԵՊՀ ուսանողուհի Վարսինե Հայրապետյանը, իսկ «Լավագույն ասմունք» անվանակարգում՝ Մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողուհի Շուշանիկ Հայրապետյանը:
Հաղթողներին և փառատոնի մասնակիցներին շնորհավորեց ժյուրիի նախագահ Արտակ Զաքարյանը՝ միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնելով նորածիլ ստեղծագործությունները վայելելու հաճույք ընձեռելու համար. «Դեռ չճանաչված ու հանդիսատես չտեսած բանաստեղծություններն արժանացան բուռն ծափահարությունների, ինչը նշանակում է՝ ձեզանում կան հայտնի գրողների գործը շարունակողներ»:
Ծնունդով արցախցի Վարսինե Հայրապետյանը փառատոնում ներկայացրեց հեղինակային «Արցախ» չափածո ստեղծագործությունը: Հուզված էր և շփոթված անակնկալ հաղթանակից. ծննդավայրում բազմիցս մասնակցել էր նմանաիտիպ մրցույթների, սակայն մրցանակային գլխավոր տեղ առաջին անգամ էր զբաղեցնում:
«Ոգեշնչվում եմ եղանակից, տարբեր զգացողություններից, իսկ ամենաշատը՝ սիրուց»,-անկեղծանում է արձակի լավագույն հեղինակ ճանաչված ապագա բժիշկ Օֆելյա Մելիքյանը և խոստովանում՝ չէի սպասում, որ ժյուրին ու հանդիսատեսը կզգանու կհասկանան ինձ:
Մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Շուշանիկ Հայրապետյանի համար հաղթանակը 3 տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է. ապագա հոգեբանն արդեն երրորդ տարին է, ինչ մասնակցում է փառատոնին: Առավել քան ոգևորված է՝ շուտով լույս կտեսնի «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամների ստեղծագործությունների ժողովածուն, որում ընդգրկվելու են նաև իր բանաստեղծությունները:
Նշենք, որ փառատոնի մասնակիցներն ստացան գրքեր, իսկ հաղթողները՝ նաև նկարներ:
Ի դեպ, փառատոնն ընդմիջվեց Ուսանողական խորհրդի կազմում ձևավորված երաժշտական խմբի և այլ անհատ կատարողների ողջույններով: