Այսօր Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում Հայաստանի և Ֆրանսիայի հանրապետությունների հիմներով մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի միջազգային

օրվան նվիրված միջոցառումների շարքը բուհում:
Հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մակարոնը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային և համագործակցության հարցերով խորհրդական Ժան-Միշել Գասպարյանը, բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, դասախոսներն ու ուսանողները:
Այս տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը Մանկավարժականում նշանավորվեց հայ մշակույթի ներկայացմամբ. Օտար լեզուների ֆակուլտետի Ռոմանական լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ ֆրանսերեն թարգմանությամբ և ներկայացման ձևաչափով բեմադրվեց հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ‹‹Աբու-Լալա Մահարի›› պոեմը:
«Պոեմը թեպետ լի է տխուր և մռայլ դրվագներով, սակայն համաշխարհային նշանակություն ունի և վերաբերվում է մարդկության ողջ պատմությանը. այն սովորեցնում է հաղթահարել դժվար պահերն ու հիասթափությունները, ուժ գտնել և շարժվել դեպի արևը` կյանքն ու հավերժությունը»,-միջոցառման սկզբում նշեց Ռոմանական լեզուների ամբիոնի վարիչ Դոնարա Ղազարյանը:
Փիլիսոփայական ու համամարդկային խնդիրներ վերհանող դրվագներ, պոեզիա, ընդհանրացումներ և եզրահանգումներ.այս ամենը ֆրանսերենով և համեմված ամենահայկական, կոմիտասյանական ստեղծագործություններով` «Կռունկ», «Կիլիկիա», «Դլե յաման», «Սիրեցի յարս տարան»:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի հարցերով խորհրդական Ժան-Միշել Գասպարյանն իր հիացմունքն արտահայտեց նախ հայերենով, ապա անցնելով մայրենի լեզվին նշեց.« Դժվարանում եմ ինչ-որ բան ավելացնել, բայց մի բանում վստահ եմ` այս ամենը պետք է ձայնագրվի և իր ուրույն տեղն ունենա Փարիզի Ֆրանսիական ինստիտուտում»:
ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մակարոնը ևս չթաքցրեց հիացմունքը.հանճարեղ պոեմը կարդացել է երիտասարդ տարիքում` 17 տարեկանում` պատրաստվելով գիտական մի զեկուցման:
Հենց այդ ժամանակ դեսպանն իրեն հարց է տվել` ո՞վ է եղել Բաղդադի հռչակավոր բանաստեղծը`գրո՞ղ, թե՞ փիլիսոփա և հասկացել`միաժամանակ երկուսը.«Ես ինձ հաճախ եմ նմանեցրել Աբու-Լալա Մահարիին. մենք երկուսս էլ հոռետես ենք, բայց ես հասկացել եմ նաև, որ հենց մեզ նմաններն են իրականությունն ընկալում ճշմարտացի»:
Վերհիշելով պոեմում առկա ի՞նչ է սերը, փառքը, կյանքը հարցադրումները` դեսպանը կոչ արեց պարազապես փառաբանել Աստծուն, ապրել սիրով ու գնահատել կյանքը:
«Եվ ոսկեփրփուր ծիրանին ուսին Աբու Մահարին, մեծ բանաստեղծը,
Թռչում էր անդուլ` հաղթական ու վեհ, դեպի արևը, անմահ արևը»… Կուլտուրայի ֆակուլտետի Պարային բաժնի ուսանողները պարի լեզվով ամբողջականացրին ստեղծագործության բեմադրությունը`հանդիսատեսին ուղղորդելով դեպի արևը: