ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կանանց շնորհավորեցին վարժարանի սաները
05.04.2012

Մանկավարժական համալսարանի հենակետային (ավագ դպրոց) վարժարանը Կուլտուրայի ֆակուլտետի լեփ-լեցուն դահլիճում հանդիսատեսին ներկայացրեց կանանց տոնին նվիրված համերգային ծրագիր:

Միջոցառումը կազմակերպել էին վարժարանի տարբեր հոսքերի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները` վարժարանի տնօրեն մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Սաֆարյանի ղեկավարությամբ:

Հանդիսատեսն առիթ ունեցավ դիտելու վարժարանի մշակութային հոսքի ռեժիսուրայի բաժնի աշակերտ, բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող Դավիթ Հովհաննիսյանի հեղինակած «Երկրագունդը կնոջ մեջ» դրաման:

Գարնանային տոներին նվիրված միջոցառումը գեղեցկացրին Վարդան Գալստյանի, Աննա Խաչատրյանի, Տիգրան Քախվեջյանի, Դիանա Գրիգորյանի և Անժելա Ոսկանյանի երգերն ու պարային խմբի կատարումները:

Հայ կնոջն ու գարնանը նվիրված բանաստեղծությունների ասմունքով բոլորին հուզեց Տիգրան Պարսեղյանը, իսկ դաշնամուրի, ջութակի և կիթառի հնչյունները հանդիսատեսին հասցրին Դավիթ Հովհաննիսյանը, Կարմելինա Գրիգորյանը, Մարիամ Հազարյանը, Կարեն Կիրակոսյանը, Շուշաննա Մելքոնյանը, Սևակ Մուսախանյանը, Անժելա Հայրապետյանը և Հռիփսիմե Աղաբեկյանը:

Միջոցառման գաղափարը վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանինն էր. Սա վարժարանում սովորող շնորհաշատ աշակերտների համար հրաշալի հնարավորություն էր դրսևորելու իրենց տաղանդը: «Մասնակիցները ոչ միայն շնորհալի են, այլև ունեն բարձր առաջադիմություն: Նրանք տարբեր դասարաններում սովորող աշակերտներ են, որոնց համախմբել էր այս գեղեցիկ միջոցառումը: Ես հիացած եմ մեր շնորհաշատ աշակերտներով: Իմ մեծ ցանկությունն է հետագայում նրանց տեսնել որպես Մանկավարժական համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողներ»,-ավելացրեց վարժարանի տնօրենը:

Միջոցառման հաղորդավարներ Աննա Խաչատրյանն ու Տիգրան Քախվեջյանը հավաստիացնում են, որ միջոցառմանը պատրաստվել են շատ կարճ ժամանակամիջոցում: Համագործակցել են վարժարանի տարբեր հոսքերի աշակերտների հետ և բացահայտել իրենց կողքին նստող նոր տաղանդավոր ընկերների:

«Մեծ ցանկություն ունեմ, որ այսպիսի միջոցառումները դառնան շարունակական: Ես արդեն որոշել եմ` այս պիեսը բեմադրել նույն աշակերտների հետ, բայց արդեն երկու գործողությամբ»,-ավելացրեց «Երկրագունդը կնոջ մեջ» պիեսի հեղինակ Դավիթ Հովհաննիսյանը:

Միջոցառման ավարտին հանդիսատես բոլոր կանանց վարժարանի սաները բաժանեցին սպիտակ վարդեր։

Միջոցառման տեսանյութը