Այսօր Մանկավարժական համալսարանում էր «Մուզեյ» ամսագրի գլխավոր խմբագիր, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ելենա Մեդվեդևան: Ի դեպ, վերջինս, այցի ավարտին,
ամսագրի առաջիկա համարում կանդրադառնա հայաստանյան թանգարաններին:
Հյուրը շրջեց Մանկավարժական համալսարանի թանգարանում, ծանոթացավ բուհի պատմությանը, գործունեությանը: Ելենա Մեդվեդևան խոստովանեց. «Հիացած և առավել քան զարմացած եմ՝ բուհական թանգարանում գործում են ժամանակակից բոլոր տեխնոլոգիաները, ինչի շնորհիվ էլ փոքր տարածքում հնարավոր է դարձել մեկտեղել տարատեսակ տեղեկատվություն՝ տարբեր տարիքային խմբերի այցելուների համար»:
Այցի ընթացքում Ելենա Մեդվեդևան հանդիպեց նաև ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի հետ. հանդիպմանը ներկա էին նաև Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը, Թանգարանագիտության և հուշարձանագիտության ամբիոնի վարիչ Լավրենտի Բարսեղյանը, թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը, Թանգարանների միջազգային խորհրդի հայաստանյան կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանն ու Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահի տեղակալ Սուրեն Չիբուխչյանը:
.jpg)
Ռուբեն Միրզախանյանը, կարևորելով ուսումնական գործընթացում թանգարանի դերն ու նշանակությունը, ինչպես նաև թանգարան այցելությունները, նշեց. «Թանգարանը միայն վաղեմություն ունեցող նյութերի ցուցադրության վայր չէ. այնտեղ այցելուները պետք է սովորեն, իսկ մանկավարժները կարողանան կիրառել թանգարանային ռեսուրսները»:
Ներկաները քննարկեցին նաև ոլորտի մի շարք այլ ընդհանուր հիմնախնդիրներ՝ ուրվագծելով համագործակցության առավել լայն շրջանակ՝ մասնավորապես ուսանողների պրակտիկան ռուսաստանյան թանգարաններում անցկացնելու շուրջ:
Ելենա Մեդվեդևան հանդիպման ավարտին իր հիացմունքը հայտնեց ինչպես բուհի, այնպես էլ թանգարանի ու Թանգարանագիտության և հուշարձանագիտության ամբիոնի ակտիվ գործունեության վերաբերյալ՝ առաջարկելով «Թանգարանային մանկավարժություն» առարկան ներառել նաև այլ մասնագիտությունների ուսումնական ծրագրերում: