Ամբողջ աշխարհում ապրիլի 2-ը նշվում է որպես Աուտիզմի իրազեկման օր. այդ շրջանականերում այսօր Մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի

նախաձեռնությամբ կազմակերպվել էր կինոդիտում-քննարկում, ինչպես նաև աուտիզմով երեխաների ձեռագործ աշխատանքների ցուցադրություն:
Նախաձեռնությանը մասնակցում էին ոչ միայն ապագա հատուկ մանկավարժները, այլև Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ու Սկզբնական կրթության ֆակուլտետների ուսանողները:
«Աշխարհում այսօր 88 երեխաներից 1-ը տառապում է աուտիզմով: 70 տղա երեխաներից 1-ի մոտ ախտորոշվում է աուտիզմ: Աշխարհում ամեն 20 րոպեում տեղի է ունենում աուտիզմի նոր ախտորոշում. վերջին տվյալներով՝ աուտիզմի ախտորոշումն ամեն տարի 10-17 տոկոսով աճում է»,- տեղեկացրեց ՀՊՄՀ Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի վարիչ Ժաննա Պայլոզյանը՝ ընդգծելով, որ աուտիսիտներն արտասովոր, հարուստ ներաշխարհով, տաղանդավոր մարդիկ են:

«Ի՞նչ է երջանկությունը. տարօրինակ զգացում կրծքիդ տակ…». սա «Աուտիզմում» ֆիլմի հերոսուհի Սոնա Շատալովայի երջանկության բանաձևն է, ով վստահ է՝ մարդու կյանքը լիարժեք չէ, քանի դեռ նա չի գտել իր տեղն աշխարհում:
Հերոսուհու օրագրում արված գրառումները, որոնք դարձել են հրաշալի բանաստեղծություններ, նրա միակ հնարավորությունն են աշխարհի հետ կիսվելու իր իմացածն ու զգացածը, ինչը չեն կարող զգալ և չեն ուզում իմանալ ուրիշները:
Ֆիլմի դիտումից հետո տեղի ունեցավ նաև քննարկում. ներկաներին բաժանվեցին բուկլետներ, որոնք ներկայացնում են՝ ինչ է աուտիզմը, ինչպես է այն արտահայտվում, ինչպես նաև աուտիզմով երեխաների հաղորդակցման համար անհրաժեշտ մեթոդները:
Նշենք, որ աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը նշվում է 2008 թվականից՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ: