«Նա մեր ամենա-ամենա… ուսանողներից է. սկզբում՝ շնորհալի ուսանող, հիմա՝ նաև արհեստավարժ նկարիչ: Չնայած հասարակական ակտիվությանը՝ ամեն վայրկյան մտածում է

ապագայի մասին. դա է բնորոշ իսկական նկարչին:
Միայն զարմանալ կարելի է Նաիրիի՝ ամեն ինչ հասցնելու ձգտումով»,- Գեղարվեստական կրթության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող, ֆակուլտետի ՈւԽ նախագահ Նաիրի Բալաբեկյանի անհատական ցուցադրության բացման ժամանակ նշեց ՀՊՄՀ Կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր Լեմս Ներսիսյանը:
Պրոֆեսորը բարձր գնահատեց Նաիրի Բալաբեկյանի աշխատանքները և վստահեցրեց՝ ներկայացված գործերն այնքան ավարտուն են, որ հեշտությամբ կարող են ցուցադրվել նաև ավելի մեծամասշտաբ ցուցահանդեսներում:
Նաիրիին շնորհավորելու էին եկել նաև Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Սարգիս Էլբակյանը, նրա ուսուցիչ Սամվել Կարապետյանը, ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը, Վահան Թոթովենցի անվան №57 հիմնական դպրոցի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը, դասախոսներ և ուսանողներ: Ի դեպ, Նաիրի Բալաբեկյանը վերոնշյալ դպրոցում աշխատում է որպես նկարչության ուսուցիչ և ղեկավարում է դպրոցի նկարչական խմբակը:
«Օրինակելի ուսանող, բացառիկ մարդ և հրաշալի մանկավարժ»,-Նաիրի Բալաբեկյանին այսպես բնորոշեց Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Սարգիս Էլբակյանը և ցուցադրության բացման առթիվ շնորհավորեց բոլոր ներկաներին՝ ֆակուլտետի ուսանողի հաջողությունները համարելով բոլորինը:
.jpg)
Երիտասարդ նկարչի ուսուցիչ Սամվել Կարապետյանը Նաիրիին խորհուրդ տվեց չսահմանափակվել եղածով, իսկ ապագա նկարիչներին հորդորեց հետևել նրա օրինակին. նման ցուցահանդեսները նկարչիներին աշխատել են սովորեցնում:
Տարբեր մեծամասշտաբ ցուցադրություններում հանդես եկած Նաիրի Բալաբեկյանն առաջին անգամ է հարազատ բուհում բացում իր անհատական ցուցահանդեսը. հարմար առիթը մայրության և գեղեցկության տոնն էր, ինչպես նաև հինգ տարիների ընթացքում լավագույն աշխատանքները ներկայացնելու ցանկության պոռթկումը:
«Ունեմ վաստակաշատ ուսուցիչներ, որոնց աշակերտելը միայն մեծ պատիվ է ինձ համար», -նշեց Նաիրի Բալաբեկյանը՝ իր երախտագիտությունը հայտնելով Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դասախոսներին:
Ցուցադրության բացման առթիվ գործընկերոջը շնորհավորեց նաև ՀՊՄՀ ՈւԽ նախագահ Ներսիկ Մարգարյանը. ի դեպ, ուսանողական կառույցի նախաձեռնությամբ բացմանը ներկա բոլոր կանանաց և աղջիկներին բաժանվեցին ծաղիկներ և շնորհավորական բացիկներ:
Ցուցադրությունը կտևի մինչև ապրիլի 14-ը: