Այսօր Մանկավարժական համալսարանի Սկզբնական կրթության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ բուհում մեկնարկեց «Կրթության և դաստիարակության խնդիրները ժամանակակից դպրոցում» խորագրով ուսանողական գիտաժողով:
Բացման խոսքով հանդես եկավ Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան Մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Գալստյանը.վերջինս ողջունեց գիտաժողովի մասնակիցներին և հույս հայտնեց, որ քննարկվող հարցադրումները կօգնեն ուսանողներին ճիշտ կազամակերպել իրենց հետագա աշխատանքներն ու կողմնորշվել մի շարք հարցերի առնչությամբ:
Լիագումար նիստում առաջինը զեկույցով հանդես եկավ Սկզբնական կրթության ֆակուլտետի մագիստրոս Շուշանիկ Ենոքյանը` ներկայացնելով «Տարրական դպրոցում միջառարկայական կապերի օգտագործումը մաթեմատիկա ուսուցանելիս» թեման:
Ապագա մանկավարժը նախ տվեց գիտամեթոդական գրականության վերլուծության արդյունքում արված «միջառարկայական կապեր» հասկացության սահմանումը, ապա ներկայացրեց Մաթեմատիկա առարկայի ուսուցման կապը Մայրենիի, Կերպարվեստի, Երաժշտության, Ֆիզկուլտուրայի և այլ առարկաների հետ:
Շուշանիկ Ենոքյանը նկատեց` Մաթեմատիկայի դասավանդումն առավել արդյունավետ է լինում, երբ առարկան զուգակցվում է այլ առարկաների հետ և ներկայացվում պատմությունների, հանելուկների և բանաստեղծությունների տեսքով:
Նա իր ելույթի ընթացքում կարևորեց այն, որ չնայած դպրոցներում Շախմատի դասավանդումը նոր գործընթաց է, սակայն դրա միջառարկայական կապը կարևորել են նաև մաթեմատիկայի դասագրքերի հեղինակները. դասագրքերում ներառված վարժությունները հնարավորություն են տալիս զարգացնել գիտելիքները շախմատից` միաժամանակ վերհիշելով մաթեմատիկական բովանդակությամբ թեմաներ.«Միջառարկայական կապերի իրականացումը դպրոցում շատ ծավալուն, բազմաբնույթ և լուրջ աշխատանք է, որն ուսուցիչներից պահանջում է համակարգված գործունեություն,մեծ վարպետություն և հմտություն»,-հավելեց նա:
Թեմայի վերաբերյալ հնչեցին մի շարք հարցեր.գիտաժողովին ներկա Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը վստահեցրեց`միջառարկայական կապերը հասկանալն առավել դյուրին կդարձնի ուսումնական պլաններում ներառված «Ինտեգրված թեմատիկ միավորները տարրական դպրոցում» առարկան:
Լիագումար նիստում Նարինե Բաղդասարյանը ներկայացրեց «Կառուցողական աշխատանքները որպես ավագ նախադպրոցականի մտածողության զարգացման միջոց» թեմայով զեկույցը: Վերջինս նկատեց, որ կերպարվեստը հանդիսանում է երեխայի մտածողության զարգացման ամանաարադյունավետ գործունեությունը:
Բակալավրիատի ուսանողուհին սեփական հետազոտության ընթացքում պարզել է, որ օրիգամին նպաստում է մտածողության զարգացմանը, ակտիվացնում կառուցողական մտածողությունը, հոգեկան գործընթացի զարգացումն ու մանր մոտորիկան.«Երեխայի մտավոր կարողությունները կարող են զարգանալ ստեղծագործական, կառուցողական տարբեր աշխատանքներ կատարելու ընթացքում: Անձի մտածողության զարգացման հարցում մեծ տեղ է զբաղեցնում ճապոնական հնագույն արվեստի տեսակներից մեկը` օրգիամին»:
Լիագումար նիստին հաջորդեց աշխատանքը մասնախմբերում, որոնք ղեկավարում էին Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան Մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Գալստյանն ու Սկզբնական ակրթության ֆակուլտետի գիտության և հետբուհական կրթության գծով դեկանի տեղակալ Լուսինե Պողոսյանը:
Վերջինս ուրախությամբ նկատեց` գիտաժողովին ուսանողների մասնակցության սպասելիքները արդարացված են, իսկ դիմող ուսանողների թիվն էլ «ստիպել» է աշխատանքներն անցկացնել միաժամանակ երկու մասնաճյուղով.« «Կրթության և դաստիարակության խնդիրները ժամանակակից դպրոցում»-ն ամբողջականացնում է նախկինում անցկացված գիտաժողովների շարքն ու լուծում ուսանողների ուսումնական կարիքները»:
Ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը, ամփոփելով առաջին օրվա աշխատանքները, իր գոհունակությունը հայտնեց լիագումար նիստում հնչած հարցադրումներից և հավելեց` զեկուցողները քաջատեղյակ էին նախադպրոցական և տարրական դպրոցի հիմնախնդիրներին, իսկ ներկայացված թեմաները` արդիական:
Նշենք, որ «Կրթության և դաստիարակության խնդիրները ժամանակակից դպրոցում» խորագրով ուսանողական գիտաժողովի ախատանքները կշարունակվեն վաղը:
.jpg)
.jpg)