ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամենայն Հայոց Կաթողիկոս. «Եկեղեցին յուրաքանչյուրի տունն է, իսկ եկեղեցականները՝ հոգևոր ծնողներ»
08.04.2014
Արդեն ձևավորված ավանդույթ է, որ Մանկավարժական համալսարանի ուսանողները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվում են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին.այսօր «Վաչե և Թամար Մանուկյաններ» Մատենադարանում Վեհափառը հանդիպեց Պատմության և իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներին:
ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց Կաթողիկոսին հյուրընկալության համար՝ նշելով, որ պատմաբանների նոր սերունդը դպրոցներում դասավանդելու է ինչպես հայ ազգի, այնպես էլ հայ եկեղեցու պատմությունը. ապագա գործունեության իրականացման ճանապարհին այս հանդիպումը Հայրապետի օրհնանքը, պատգամներն ու խրատներն ստանալու բացառիկ հնարավորություն է:
Վեհափառը շնորհավորեց ներկա աղջիկներին նախօրեի՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ և մաղթեց, որ Աստված նրանց շնորհի մայրական առաքելության զգացում և շնորհազարդի երկնապարգև այն շնորհներով, որոնք կգեղեցկացնեն նրանց կյանքը:

Կաթողիկոսը բարձր գնահատեց ՀՊՄՀ ռեկտորի՝ ապագա մանկավարժներին պարբերաբար Էջմիածին ուղղորդելու նպատակաուղղվածությունը՝ նշելով. «Ձեզնից շատերը շուտով մուտք են գործելու դպրոց՝ իրականացնելու մասնագիտական առաքելությունը: Հորդորում եմ հավատարիմ մնալ ձեր կոչմանը և ազգային դպրոցին մատուցել այնպիսի ծառայություն, որ ունենանք առավել գիտակ և ազնիվ սերունդ:Մեր վաղվա օրը խարսխվում է անցյալի պատմությամբ. ձեր քայլերն ուղղեք դեպի պատմության լույս, որ միշտ պայծառ շողարձակել է շնորհիվ հայ պատմաբանների»:
Վեհափառն ապագա պատմաբաններին հիշեցրեց, որ նրանց ուսերին մեծ պատասխանատվություն է դրված, քանի որ պատմության ուսուցումն է ձևավորում սերունդների գիտակցությունը. «Իր ազգի պատմությանը քաջատեղյակ մարդն ավելի մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում ներկային՝ ակամայից դառնալով առավել հպարտ քաղաքացի:Դուք անհատի կենսագրությանը զուգահեռ մատուցում եք ազգի պատմությունը. այդ իմաստով պատմաբանն առավել պատասխանատու է դառնում իր երկրի և ժողովրդի հանդեպ՝ նրանց հաղորդակից դարձնելով ազգի դարավոր իղձերին և երազանքներին»:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց նաև ժողովրդի բազմադարյան պատմության ընթացքում քրիստոնեության կարևորագույն դերն ու նշանակությունը՝ մատնանշելով վերջին շրջանում տարածված և ազգային կյանքում քրիստոնեական հավատքի դերը կասկածի տակ դնող արտահայտությունները. «Կյանքի ընթացքը դեպի հավերժություն պայմանավորված է հավատքով և Փրկչի վարդապետության հանդեպ հավատարմությամբ:
Միշտ հիշեք՝ հավատքն ու եկեղեցին անբաժան են պատմությունից»,-ասաց Վեհափառը և ևս մեկ անգամ վստահեցրեց՝ եկեղեցին յուրաքանչյուրի տունն է, իսկ եկեղեցականները՝ հոգևոր ծնողներ:Հանդիպման ընթացքում ուսանողներն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին ուղղեցին իրենց հետաքրքրող բազմապիսի հարցեր՝ եկեղեցու վերաբերմունքը բողոքական եկեղեցիների, կրոնափոխված հայերի, Վրաստանի Հանրապետության հակահայ քաղաքականության, ինչպես նաև քեսաբահայությանը օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Այցի ընթացքում ուսանողներն այցելեցին նաև Սուրբ Էջմիածնի մայր տաճար և Ռուբեն Սևակի անվան նորաբաց թանգարան: