ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ձեռագործ աշխատանքների ցուցահանդես
09.04.2014

Մայրության և գեղեցկության միամսյակի շրջանակում Մանկավարժական համալսարանի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել էր ուսանողների ձեռքի աշխատանքների ցուցահանդես:

Ֆակուլտետի Արհեստակցական կազմակերպության նախագահ, դոցենտ Բորիս Խոդերյանը ողջունեց ցուցահանդեսի մասնակիցներին և վստահեցրեց, որ արհեստակցական կազմակերպությունը մշտապես պատրաստ է աջակից լինել նման նախաձեռնություններում:

«Արդեն ավանդույթ է դարձել մայրության և գեղեցկության տոնին ֆակուլտետում կազմակերպել ուսանողների ձեռքի աշխատանքների ցուցահանդես. դրանք մեծապես կապված են նաև ուսանողների դիպլոմային աշխատանքների, մագիստրոսական թեզերի հետ»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Բորիս Խոդերյանը:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին տեխնոլոգիա և ձեռնարկչություն բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհիներ Վարդուհի Քեշիշյանի, Նարինե Պողոսյանի ձեռագործ աշխատանքները, գծագրություն և կերպարվեստ բաժնի նախկին ուսանող Գևորգ Արմենակյանի և 3-րդ կուրսի ուսանող Հարութ Խաչատրյանի նկարները, ինչպես նաև Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Մարիանա Թումանյանի աշխատանքները:

Ցուցահանդեսին ներկա էին նաև դասախոսներ, ուսանողներ. մասնակիցները ներկա բոլոր կանանց ու աղջիկներին նվիրեցին ծաղիկներ և շնորհավորական բացիկներ: