Այսօր Մանկավարժական համալսարանում մեկնարկեցին «Աշխարհագրական-պրագմատիկ հետազոտությունների ներկա վիճակը Հայաստանի Հանրապետությունում և դրանց զարգացման հիմնական միտումները մոտ ապագայում» թեմայով հանրապետական գիտագործնական նստաշրջանի աշխատանքները:
Բուհի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի Ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի կազմակերպած գիտաժողովի նպատակն էր համախմբել այլ բուհերի և բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներին` քննարկելու աշխարհագրություն գիտության զարգացումներն ու ներկայումս գոյություն ունեցող հիմնախնդիրները:
ՀՊՄՀ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը բեղմնավոր աշխատանք մաղթեց 3-րդ անգամ անցկացվող գիտագործնական գիտաժողովի աշխատանքներին և հույս հայտնեց, որ գիտաժողովում արծարծված խնդիրները կստանան իրենց լուծումներն ու կնպաստեն ոլորտի զարգացումներին:
Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Սվետլանա Հովակիմյանը ևս կարևորեց գիտաժողովի անցկացումը, նշելով, որ այն հարթակ է, որտեղ կարելի է քննարկել աշխարհագրական ամենահրատապ խնդիրներն ու նպաստել տարբեր մասնագետների կատարած հետազոտական աշխատանքների արդյունքների քննարկմանն ու ամփոփմանը:
Լիագումար նիստում առաջինը զեկույցով հանդես եկավ աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Կարապետյանը` ներկայացնելով «ՀՀ ֆիզիկաաշխարհագրական հետազոտությունները ոչ վաղ անցյալում և դրանց պրագմատիկ նշանակությունը տեսանելի մոտ ապագայում» թեման:
Պրոֆեսորն իր զեկույցում նկատեց` Հայաստանը տարիներ շարունակ եղել է աշխարհագրության, մասնավորապես` քարտեզագրության ոլորտի առաջատար, սակայն վերջին 20 տարվա ընթացքում ոլորտում լուրջ գործնական քայլեր չեն կատարվել, չի եղել նաև պետական պահանջարկ:
«Աշխարհագրություն գիտության դերը բնության ղեկավարման և հասարակության ոլորտում» թեման ներկայացրեց ՀՊՄՀ աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խոյեցյանը, իսկ ԵՊՀ պրոֆեսոր Մաքսիմ Մանասյանն անդրադարձավ ՀՀ-ում հասարակական վերափոխման գործընթացներին և հասարակական աշխարհագրության արդի խնդիրներին:
Լիագումար նիստին հաջորդեց աշխատանքը մասնախմբերում, որի ընթացքում ՀՊՄՀ, ԵՊՀ, Վանաձորի, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտների, Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի, ՀՀ ՊՆ, ԵՃՇՊՀ-ի և ոլորտի այլ ներկայացուցիչներ հանդես եկան զեկույցներով:
Առաջին մասնախմբում զեկուցողներն անդրադարձան բնական գեոհամակարգերի գործնական ուսումնասիրություններում աշխարհագրական տեղեկատվական համակարգի (ԱՏՀ) կիրառման ներուժին, Լոռու մարզի լանդշաֆտա-ռեկրեացիոն գնահատմանն ու մարզում լանդշաֆտային պլանավորման հայեցակարգերը և մեթոդների կիրառությանը, բնականան և մարդածին ռիսկերի համադիրային քարտեզների բովանդակության մշակման և քարտեզագրական պատկերումների եղանակներին, ՀՀ հասարակական-աշխարհագրական նոր շրջանացման հիմնախնդիրներին:
Երկրորդ մասնախմբում քննարկվեցին զբոսաշրջային ռեսուրսների ներուժը որպես ՀՀ տնտեսության զարգացման կարևոր գործոն, լեռնաարգելոցային տարածքների ռեկրեացիոն յուրացման հարցը, Հարավային Կովկասի ռազմաաշխարհագրական իրավիճակի գնահատումը, ԱՏՀ և հեռազննման տեխնոլոգիաների կիրառմամբ ՀՀ բարձրալեռնային արոտավայրերի էկոլոգիական իրավիճակի գնահատումն ու քարտեզագրումը, հողագիտական հետազոտությունների առանձնահատկություններն անցյալում և դրանց անհրաժեշտ ուղղությունները մոտ ապագայում, ինչպես նաև լանդշաֆտային հետազուտությունների արդի վիճակն ու դրանց հիմնական միտումները ՀՀ լեռնային գեոհամակարգերում:
Գիտագործնական գիտաժողովի ընթացքում ծավալվեց քննարկում, եղավ հարց ու պատասխան:
.jpg)