ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանդիպում՝ ամփոփիչ ատեստավորման քննություններին ընդառաջ
09.04.2014
Այսօր Մանկավարժական համալսարանում մեկնարկեց արդեն ավանդույթ դարձած ավարտական կուրսերի ուսանողների հետ ռեկտորի հանդիպումների շարքը: Դրա նպատակն է ամփոփիչ ատեստավորման քննություններից առաջ հետաքրքրվել ուսանողների մտահոգություններով:
Ռուբեն Միրզախանյանը հանդիպումը համարեց գործնական քայլ՝ քննարկելով սպասվող քննությունների ողջ ընթացքը՝ սկսած քննասենյակ մտնելու պահից մինչև արդյունքների բողոքարկում:
Ռեկտորը կարևորեց ուսանողների մասնակցությունը կոնսուլտացիաներին, ինչպես նաև ճիշտ և նպատակային համարեց քննասենյակում դրված մասնագիտական գրականությունից օգտվելը: Ռուբեն Միրզախանյանը ոչ միայն խորհուրդ տվեց, այլև խստորեն զգուշացրեց՝ մտքում ունենալ համոզվածություն, որ ձեռնարկվել են բոլոր հնարավոր պայմաններն անաչառ քննություններ կազմակերպելու համար:
Անդրադառնալով մագիստրոսական թեզերի պաշտպանությանը՝ ռեկտորը նախ համեմատեց կրթական այդ աստիճանի արտասահմանյան փորձը, ապա վստահեցրեց, որ ինքնուրույն և որոշակիորեն գիտական արժեք ներկայացնող աշխատանքների հեղինակները կխրախուսվեն ոչ միայն լավ գնահատականով, այլև բուհում աշխատանքով:
Կուլտուրայի, Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության, Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետների ուսանողները ներկայացրին քննությունների հետ կապված իրենց հետաքրքրող ամենատարբեր հարցեր եւ առաջարկություններ. դրանցից մի քանիսի վերաբերյալ ռեկտորը խոստացավ կազմակերպել քննարկումներ: