Արամ Խաչատրյան համերգասրահում կանանց միամսյակի առթիվ կայացած «Համազգային վստահություն» խորհրդի կազմակերպած «Հայուհի 2014» կանանց մեծարման երեկոյի ընթացքում «Սիրո և գեղեցկության գույներ» խորագիրը կրող մրցանակաբաշխությանը հաղթող է ճանաչվել նաեւ Մանկավարժական համալսարանի էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր, «Հանուն կայուն զարգացման» հասարակականան կազմակերպության նախագահ, ՄԱԿ-ի բնապահպանական և զարգացման ծրագրերի փորձագետ Կարինե Դանիելյանը:
Վերջինս ներկայացված 19 անվանակարգերից արժանացել է «Հայրենի բնության պաշտպան» տիտղոսին:
Կարինե Դանիելյանը old.aspu.am-ի հետ զրույցում կարևորեց միմյանց և բնության նկատմամբ արդար ու բարի լինելը.«Մենք պարտավոր ենք վերագտնել 1988 թվականին ունեցած հոգևոր թռիչքը և պահպանել այն փոքր հողակտորը, որն ունենք այսօր: Մեր ժողովուրդը կարևոր առաքելություն ունի`մեծ քաղաքականություն ներմուծել բարոյականություն ու արդարություն, և եթե 1915 թվականի Ցեղասպանությունը համաշխարհային ճանաչում ունենա, դա կլինի այդ գործընթացի սկիզբը»:
Կարինե Դանիելյանը ցավով նկատեց` Երկիր մոլորակը կարծես դուրս է մղում մարդկությանը.այդ են վկայում մեզանում կատարվելիք բնության անոմալիաները.« Դա մոլորակի ու տիեզերքի պատասխանն է մարդու անբարո վիճակին և, եթե էկոլոգիան չդառնա մարդու զարգացման հիմքը` կորուստները շատ մեծ կլինեն»:

Ի դեպ, պրոֆեսոր Դանիելյանն ուրախությամբ տեղեկացրեց, որ Մանկավարժական համալսարանի, ՄԱԿ-ի և «Հանուն կայուն զարգացման» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ արդենիսկ լույս է տեսել «Կայուն զարգացման տեսությունն ու պրակտիկան» (համաշխարհային գործընթացը և Հայաստանը) ուսումնական ձեռնարկը, որի շնորհանդեսը տեղի կունենա շուտով` ՀՊՄՀ-ում: