ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ռուբեն Միրզախանյան. «Ամփոփիչ ատեստավորման քննություններին գնահատվելու է գիտելիքը»
11.04.2014

Մանկավարժական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Հրանտ Սարաֆյանը պատրաստվում է ամփոփիչ ատեստավորման քննություններին. ժամանակը սուղ է, իսկ անելիքներ դեռ կան:

Ապագա բանասերի անհանգիստ վիճակն ու մտավախությունը, որ քննական գործընթացը չափազանց բարդ է լինելու, կարծես անցյալում է.պատճառը` ամփոփիչ ատեստավորման քննություններից առաջ բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի ուսանողների հետ արդեն ավանդույթ դարձած հանդիպումն է:

Հրանտը խոստովանում է` սա այն եզակի դեպքերից է, երբ կարող ես վստահ ասել, որ քննությունները կանցնեն թափանցիկ, իսկ գնահատական ստանալու միակ միջոցը կլինի գիտելիքի առկայությունը:

Քննական ողջ գործընթացի մանրամասներին այս անգամ ծանոթանալու հնարավորություն ունեցան Բանասիրական, Օտար լեզուների, Հատուկ և Սկզբնական կրթության ֆակուլտետների ուսանողները:

Ռեկտորը հանդիպման հենց սկզբում հորդորեց ուսանողներին ձերբազատվել «ավարտական վախերից» և լրջորեն պատրաստվել քննական գործընթացին:

Կարևորելով ուսանողների մասնակցությունը կոնսուլտացիաներին և ամբիոնների կազմակերպած լրացուցիչ պարապմունքներին` Ռուբեն Միրզախանյանը ևս մեկ անգամ ընդգծեց` ռեկտորատում հետաքրքրված են, որպեսզի ավարտական քննություններն անցկացվեն պատշաճ, իսկ արդյուքները լինեն գոհացուցիչ:

Ուսումնաօժանդակ գրականություն, ծրագրեր, բառարաններ. Մանկավարժականի ռեկտորը մեկ առ մեկ թվարկում է այն գործոնները, որոնք կօգնեն ուսանողներին գիտելիքների որոշակի պաշար ունենալու դեպքում հաղթահարել քննական գործընթացը. «Չենթարկվել խաբեության, չմտածել միջնորդության մասին և հիշել` ամփոփիչ ատեստավորման քննություններին գնահատվելու է գիտելիքը»:

Հանդիպման ընթացքում բուհի ղեկավարն անդրադարձավ նաև վերջին տարիներին կատարված բարեփոխումներին, մասնավորապես` միջազգային համագործակցությանը, թանգարանի և նորաբաց դահլիճի կառուցմանը, լեզուների դասավանդմանը, պրակտիկայի ժամաքանակի ավելացմանն ու 1-ին կուսեցիների անվճար լողավազան հաճախելուն:

Ուսանողները Ռուբեն Միրզախանյանին ուղղեցին քննությունների ընթացքին վերաբերող հարցեր: Նրանցից ոմանք հետաքրքրվեցին նաեւ` արդյո՞ք բուհում կարող են ծավալել մասնագիտական գործունեություն, մյուսները հետաքրքրված էին զբաղվածության և միջազգային ծրագրերում ընդգրկվելու խնդրով:

Ռեկտորն ուսանողներին մաղթեց բարեհաջող ավարտական քննություններ` հիշեցնելով, որ աշխատանքային գործեունեության ցանկացած սկիզբ, այնուամենայնիվ, բարդ է լինում: