Այսօր Մանկավարժական համալսարանում «Նռենի» երգի միջբուհական փառատոնով մեկնարկեց ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:
Միջոցառման հաղորդավարներ Լուսինե Փիրոյանն ու Գրիգոր Կորկոտյանը միջոցառման առաջին հատվածում ներկայացրին Ուսանողական խորհրդի պատմությունն ու տարբեր տարիներին կառույցը ղեկավարած նախագահներին:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՊՄՀ ներկայիս ՈւԽ նախագահ Ներսիկ Մարգարյանը՝ վստահեցնելով, որ ուսանողների շահերը պաշտպանող ամենաուսանողական կառույցի հոբելյանի կապակցությամբ առաջիկայում կկազմակերպվեն բազմաթիվ միջոցառումներ:
Միջբուհական մրցույթ-փառատոնի մասնակիցները 16 էին. Մանկավարժական համալսարանի, Երևանի պետական, Հայաստանի պետական ճարտարագիտական, Ճարտարապետաշինարարական, Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական և Մշակույթի համալսարանների, Գեղարվեստի պետական ակադեմիայի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներ, ինչպես նաև ՀՊՄՀ Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի աշակերտ Վարդան Գալստյանը:
Մրցույթ-փառատոնի ընթացքում մասնակիցները ներկայացրին բազմաժանր երգեր՝ ժողովրդականից մինչև ժամանակակից:
Մասնակիցներին գնահատեցին երաժշտարվեստում մեծ ավանդ ու վաստակ ունեցող արվեստագետներ` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Յուրի Հովհաննիսյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ամբիոնի վարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Արզաս Ոսկանյանը, The B. P. խմբի մեներգիչ, մի շարք հեռուստանախագծերի հեղինակ, երգիչ Անդրեյ Սիմոնյանը, ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի պրոֆեսոր, երգիչ Հենրիկ Սիմոնյանը:

10 բալային համակարգով ժյուրիի գնահատականների ամփոփման արդյունքում 3-րդ մրցանակային տեղը կիսեցին երկու մասնակիցներ՝ Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողուհի Օֆելյա Սահակյանն ու ՀՊՄՀ հենակետային վարժարանի աշակերտ Վարդան Գալստյանը, 2-րդ տեղում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողուհի Էլիզաբեթ Ադիկյանն էր, իսկ 1-ին տեղը զբաղեցրեց Մանկավարժական համալսարանի ուսանողուհի Տաթևիկ Այվազյանը:

«Տպավորված ենք բոլոր մասնակիցների կատարումներով. հաղթողներին էլ ընտրել ենք մեծ դժվարությամբպատասխանատվությամբ»,- նշեց ժյուրիի նախագահ Արզաս Ոսկանյանը՝ Մանկավարժական համալսարանի մշակութային կյանքում կարևորելով Մշակույթի կենտրոնի ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արկադի Շեկունցի գործունեությունը:
«Ինչ մասնագիտությամբ էլ հետագայում աշխատեք, զբաղվեք երաժշտությամբ. այն հաճույք և երջանկություն է ձեզ և ձեզ շրջապատողների համար»,-նշեց Արկադի Շեկունցը՝ վստահեցնելով՝ կարևորը հաղթանակը չէ, այլ մասնակցությունն ու հանդիսատեսի ծափահարություններին ու համակրանքին արժանանալը:



