Ապրիլի 16-17-ը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կանցկացվի աննախադեպ միջազգային գիտաժողով «Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական և գործնական հիմնախնդիրներ» թեմայով:
Գիտաժողովի շրջանակում ապրիլի 15-ին և 18-ին առաջին անգամ կանցկացվեն բացառիկ բաց դասախոսություններ, որոնք կկարդան միջազգային մեծության գիտական հսկաները:
Համաշխարհային ճանաչում ունեցող փիլիսոփաները և հոգեբանները Հայաստանում են Մանկավարժական համալսարանի հրավերով: Նրանք անվճար դասախոսություններ կկարդան, որոնց կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել ներքոնշյալ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ և ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով` profqualific@armspu.am:
Գիտաժողովի շրջանակում առաջին դասախոսությունը տեղի կունենա ապրիլի 15-ին` ժամը 14.00-ին, ՀՊՄՀ կենտրոնական մասնաշենքում` Տիգրան Մեծի 17` երկրորդ հարկի Հումանիտար ընթերցանության գրադարան: Անգլերեն լեզվով դասախոսությունը կկարդա փիլիսոփայության դոկտոր, ակադեմիկոս, Աթենքի համալսարանի պատվավոր ռեկտոր, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի համանախագահ Եվանգելոս Մոութսոպոուլոս:
Վերջինիս դասախոսության թեման է «Կրթությունը` որպես անանցողիկ արժեք» :
Հաջորդ դասախոսությունը կանցկացվի ժամը 14.00-ին համալսարանի 3-րդ հարկում` գիտխորհրդի դահլիճում: «Հոգեբանական կրթությունը և մասնագիտացումը Ֆրանսիայում» թեմայով դասախոսությունը կկարդա Ֆրանսիայի Դիդրոյի համալսարանի պրոֆեսոր Ֆրանսուա Նոն: Դասախոսությունը կանցկացվի ֆրանսերենով:
«Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական և գործնական հիմնախնդիրներ» թեմայով գիտաժողովի շրջանակում օրվա վերջին դասախոսությունը կներկայացնի Ինսբրուքի համալսարանի պրոֆեսոր, փիլիսոփայության ֆակուլտետի ղեկավար Հանս Կոխլերը:
«Նոր հասարակական մեդիան և հաղորդակցման փոփոխական բնույթը. Մարդաբանական և քաղաքական տեսանկյունից» թեմայով անգլերեն լեզվով դասախոսությունը տեղի կունենա նույն օրը` ժամը 15.00-ին, ՀՊՄՀ-ի նույն մասնաշենքի 3-րդ հարկում`գիտաժողովների դահլիճում:
Բաց դասախոսությունները կշարունակվեն ապրիլի 18-ին:
«Անձի մեջ բռնության ռիսկի գնահատումը» թեմայով դասախոսությունը կսկսվի ժամը 14.00-ին: Այն կանցկացվի անգլերեն լեզվով ՀՊՄՀ կենտրոնական մասնաշենքի երկրորդ հարկի Հումանիտար ընթերցանության գրադարանում:
Դասախոսությունը կներկայացնի Դատական կլինիկական հոգեբանության պրոֆեսոր, Գլազգոյի Կալեդոնիան Համալսարանի, Հոգեբանության և իրավունքի եվրոպական ասոցիացիայի նախագահ Դեյվիդ Կուկը:
Եզրափակիչ դասախոսությունը կկարդա Կոպենհագենի Աարուսի համալսարանի պրոֆեսոր, Կրթության ֆակուլտետի էթիկայի և իրավունքի կենտրոնի տնօրեն, Փիլիսոփայական ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (FISP) նախագահ, փիլիսոփայության XXII համաշխարհային համաժողովի (2008) նախագահ Պիտեր Կեմպը:
Նրա դասախոսության թեման է «Դեպի գլոբալ օրինակարգ»-ը: Դասախոսությունը կանցկացվի անգլերենով: Այն կսկսվի ժամը 14.00-ին և կընթանա համալսարանի 3-րդ հարկում` Գիտաժողովների մեծ դահլիճում:
Գիտաժողովի մասին ավելի մանրամասն կարդացեք մեր կայքի «Հայտարարություններ» և «Գիտաժողովներ» բաժիններում: