ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հետազոտական պրակտիկա Սևանում
14.04.2014
Հետազոտական պրակտիկա Սևանում
Օրերս Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի «Կենսաբանություն» մասնագիտության առաջին և երկրորդ կուրսի մագիստրոսները կենսաբանության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, կ.գ.դ. Սամվել Պիպոյանի ղեկավարությամբ «ՀՀ ջրամբարների ֆաունան և նրա ձևավորման փուլերը» առարկայի շրջանակներում իրենց հետազոտական պրակտիկայի մի մասն անցկացրին Սևանա լճի ավազանում:
 
Պրակտիկայի այս փուլի հիմնական նպատակն էր ապագա կենսաբաններին անմիջականորեն ծանոթացնել լճի էկոլոգիական վիճակին, դիտարկումներ կատարել լճում և նրան հարակից տարածքներում բնակվող օրգանիզմների կենսաբանական առանձնահատկությունները լաբորատոր պայմաններում ուսումնասիրելու և պարզաբանելու համար, լճի տարբեր հատվածներում կատարել ջրակենսաբանական հավաքներ:
 
Խնդիրներն իրականացնելու համար ուսանողների պրակտիկան կազմակերպվեց լճի հյուսիսային և
արևելյան ափամերձ շրջաններում՝ էքսկուրսիաներ կազմակերպելով Սևանի և Արտանիշի թերակղզիներ, Ջիլ և Ծափաթաղ գյուղերի հարակից տարածքներ:
 
 «Կատարված գործնական աշխատանքների արդյունքում մագիստրոսները ձեռք բերեցին Սևանա լճում և նրան հարակից տարածքներում բնակվող կենդանիների կենսաբանական ու էկոլոգիական առանձնահատկությունների իմացություն, լճի կենսաբազմազանության և նրա պահպանության հիմնախնդիրների վերաբերյալ գործնական գիտելիքներ, ինչպես նաև բնության մեջ կենսաբանական էքսկուրսիաներ կազմակերպելու, ջրային համակեցությունների վրա էկոլոգիական գործոնների ազդեցության գնահատման կարողություններ ու ջրակենսաբանական նյութ հավաքելու հմտություններ»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց պրոֆեսոր Սամվել Պիպոյանը:
 
Վերջինս վստահեցրեց՝ նմանատիպ գործնական բնույթի աշխատանքները նպաստում են ոչ միայն ուսանողների մասնագիտական նոր որակների, այլև բուհում ստացած տեսական գիտելիքները գործնականում կիրառելու փորձի և հմտությունների ձեռքբերմանը: