ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամփոփվեցին ավարտական կուրսերի հետ ռեկտորի հանդիպումները
14.04.2014

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի, Պատմության և իրավագիտության ու Գեղարվեստական կրթության ֆակուլտետների այս տարվա շրջանավարտների հետ հանդիպմամբ Մանկավարժական համալսարանի ռեկտորն ամփոփեց որակավորման քննություններից առաջ համալսարանի ուսանողների հետ շփումների շարքը:

«Ես երաշխավորում եմ՝ բավարար պատասխանի դեպքում ունեք բավարար գնահատական. ուրիշ ելքեր չփնտրեք, կձախողվեք»,-հավաստիացրեց Ռուբեն Միրզախանյանը՝ վստահեցնելով, որ բուհի պրոֆեսորադասախոսական կազմը խիստ հետաքրքրված է քննությունների՝ առավել դրական գնահատականներով արդյունքի համար:

Ռեկտորն ուսանողների հետ զրույցում կարևորեց նաև կոնսուլտացիաների և քննասենյակում դրված ուսումնաօժանդակ նյութերից օգտվելը՝ հավելելով, որ որոշակի քայլեր ձեռնարկվելու են նաև քննական հանձնաժողովների հետ, որպեսզի քննասենյակում լինի բարյացկամ և դրական մթնոլորտ:

Ռուբեն Միրզախանյանը շրջանավարտներին դիմեց որպես ապագա մասնագետներ՝ անդրադառնալով նաև նրանց՝ աշխատանք գտնելու կարևորագույն խնդրին. «Գործատուի համար խիստ կարևոր է մասնագիտական որակը. այդ առումով բուհը հետամուտ է իր լավագույն մագիստրոս-շրջանավարտներին հենց համալսարանում աշխատանքով ապահովելու խնդրին»:

Հանդիպման ընթացքում ուսանողները ռեկտորին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, մասնավորապես՝ որոշ մասնագիտությունների գծով ավարտական դիպլոմի որակավորմանը, նույն դասախոսի՝ նաև մագիստրատուրայում դասավանդելուն, ինչպես նաև համալսարանի հետագա քայլերը գործատուի պահանջած ՙփորձառության՚ վերաբերյալ: