Այսօր Հայկական պետական մանկավարժական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի նորաբաց դահլիճում կայացավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը` նվիրված ֆիլհարմոնիկի հիմնադրման 90-ամյակին. ի դեպ, համերգը նվագախմբի հոբելյանական առաջին ձեռնարկն էր:
Նախքան համերգի մեկնարկը, ներկաներին ողջունեց ՀՊՄՀ Մշակույթի կենտրոնի տնօրեն Արկադի Շեկունցը, ով համառոտ ներկայացրեց Ալեքսանդր Սպենդիարյանի և Արշակ Ադամյանի հիմնադրած նվագախմբի պատմությունն ու տարբեր տարիներին նվագախումբը ղեկավարած անվանի դիրժորներին:
Արկադի Շեկունցը կարևորեց ապագա մանկավարժների` նվագախմբի համերգներին հաճախակի ներկա գտնվելը,ընդգծելով, որ հենց մանկավարժներն են եկող սերնդի գեղագիտական ճաշակ ձևավորողները:
Համերգի ընթացքում նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հնչեցին Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի նախերգանքը, Էդուարդ Միրզոյանի` «Շուշանիկ», Ջակոմո Պուչչինիի` Կավարադոսի արիան` «Տոսկա» օպերայից, Ալֆրեդո Կատալանիի` «Վալլի» արիան, Բախի` «Արիա»-ն. ելույթ ունեցան մենակատարներ սոպրանո Իրինա Զաքյանն ու Լիպարիտ Ավետիսյանը:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ֆիլհարմոնիկի 90-ամյա հոբելյանը ազգային տոն համարեց, նշելով, որ նաև նվագախմբի շնորհիվ է հայ ժողովուրդը ժամանակակից քաղաքակրթության մաս կազմում:
Նա կարևորեց կարճ ժամանակահատվածում նվագախմբի` բուհում արդեն երկրորդ անգամ հյուրընկալվելը, և հույս հայտնեց, որ երրորդ հանդիպումը ևս երկար սպասեցնել չի տա:
Ռուբեն Միրզախանյանը Էդուարդ Թոփչյանին հանձնեց «Մանկավարժական համալսարան» մեդալ:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ի պատասխան նշեց, որ Մանկավարժականն իր համար հարազատ վայր է դեռ մանկուց.այստեղ են դասավանդել նրա նախնիները:
Էդուարդ Թոփչյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և նվագախմբի հոբելյանն առաջինը նշելու համար, ապա կարևորելով ներկաների սերտ կապը դասական երաժշտության հետ՝ չթաքցրեց, որ ծրագիրը իրենք կազմել էին ոչ թե թեթև, պոպուլյար, այլ մտածված ընդգրկել էին առավել բարդ եւ արժեքավոր ստեղծագործություններ: