Այսօր Մանկավարժական համալսարանում Էջմիածնի և Սևանի Վազգենյան հոգևոր ճեմարանների սաների՝ Կոմիտասի «Տեր ողորմեա»-ի կատարմամբ մեկնարկեց «Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» խորագիրը կրող երիտասարդական միջբուհական երկօրյա գիտաժողովը:.jpg)
Բացման խոսքով հանդես եկավ գիտաժողովի նախաձեռնող ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Աշոտ Փիլիպոսյանը՝ նշելով. «Յուրաքանչյուր ժողովուրդ իր դարավոր պատմության և անցած ուղու ընթացքում ունենում է ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ դժվարին օրեր. այդպիսին էր նաև 1915 թվականի եղեռնագործությունը, որի մասին հիշողությունները միշտ պետք է լինեն բոլորիս մոտ՝ ահազանգելով՝ հիշել և բարձրացնել այս երևույթի հետ կապված բոլոր հիմնախնդիրները»:
Գիտաժողովին ներկա էր նաև ՀՀ Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, ով ընթերցեց Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի ուղերձը: Նախարարը հատկապես կարևորել է այն, որ գիտաժողովը գումարվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, երբ հայությունը վերստին համախմբվում և նպատակային պայքար է ծավալում Հայոց պահանջատիրության, իր ոտնահարված իրավունքների վերականգնման, արդարության վերահաստատման համար:
«Երիտասարդությունը յուրաքանչյուր ժողովրդի հենասյունն է, տեսակի շարունակողն ու ապագայի կերտողը: Այսօր մեր 100-ամյա մաքառումը մեզ իրավունք է տալիս վստահորեն ասելու, որ մեր երիտասարդությունը պատվով է իր ուսերին կրում նախնիների թողած ժառանգությունը, հավատարիմ է նախնյաց պատգամներին, հայրենասեր է ու պայքարող»:
Իր ուղերձում Հրանուշ Հակոբյանը հորդորեց սկսել Ցեղասպանություն վերապրածների ժառանգների հուշերը, վկայություններն ու պատմածները գրի առնելու շարժումը. «Այդ պատմությունները պետք է հավաքել՝ արխիվներում պահելու և հրատարակելու համար՝ իբրև ապտակ Թուրքիայի երեսին և ի պատասխան նրա ժխտողական քաղաքականությանը»:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը՝ իր խոսքում կարևորելով հատկապես դպրոցական տարիներին Ցեղասպանության հարցերի, խնդիրների ուսումնասիրության հետ առնչվող հարցերը. «Համատեղ ուժերով պետք է մշակենք տարրական դպրոցում Ցեղասպանության հարցրերի ուսուցման հետ կապված հետևողական ծրագիր: Սա մի խնդիր է, որում պատմաբանների հետ միասին լուրջ անելիքներ ունեն նաև տարիքային հոգեբանները. կարևորությունը բացառիկ մեծ է»:
Ռեկտորի կարծիքով՝ դեռ վաղ տարիքից յուրաքնաչյուր հայ պետք է իմանա և գիտակցի՝ ինչն է մեր ժողովրդի մեծագույն ողբերգությունը. այն պետք է հանդիսանա ամեն հայի կյանքի ծրագիր և նպատակ. «Սա մեծ և ազգային բացառիկ նշանակություն ու հնչեղություն ունեցող խնդիր է»:
ՀՊՄՀ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանն էլ իր ելույթում ընդգծեց, որ Ցեղասպանությունը բազմիցս ուսումնասիրվել է նաև հայ գիտնականների շրջանում. նրանք մշտապես վերհանում են այն պատմական փաստերը, որ մինչ օրս մերժում են պաշտոնական Թուքիայի դիվանագիտական և գիտական հանրության ներկայացուցիչները. «Կարծում եմ, որ նմանատիպ գիտաժողովներում զեկուցող երիտասարդ գիտնականները պարտավորված են նորովի լույս սփռել և մեկնաբանել փաստերը, տալ նոր վերացարկումներ, ինչպես նաև վերհանել Ցեղասպանության ծագումնաբանության, մեխանիզմների վերաբերյալ հոգեբանական խնդիրներ: Հայ պատմաբանն է, որ պատմական ճշմարտությունն աշխարհին ապացուցելու իր հնարավորությունները բերում է հենց նմանատիպ գիտաժողովների միջոցով»:
Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գևորգյանը ևս կարևորեց գիտաժողովի անցկացումը՝ նշելով, որ չնայած կան բազմաթիվ պատմագիտական սկզբնաղբյուրային, հուշագրական բնույթի աշխատություններ և հրապարակումներ, սակայն մինչ օրս կան նաև չլուծված խնդիրներ, մասնավորապես՝ ամբողջովին տրված չէ Ցեղասպանության իրավական քաղաքական գնահատականը.«Մեր գլխավոր նպատակն է, որ ներկայիս ավելի լայն հնարավորություններ ունեցող երիտասարդ սերունդը ուսումնասիրի օտարալեզու սկզբնաղբյուրները և անի եզրահանգումներ՝ նպաստելով Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին»,-նշեց Էդիկ Գևորգյանը:
Մանկավարժական համալսարանի ասպիրանտ Տիգրան Խաչատրյանն իր զեկույցում անդրադարձավ 1915-1916 թվականների ընթացքում հայերի կոտորածներին՝ գերմանական հասարակական մտքի գնահատմամբ: «Գերմանիայում՝ ի տարբերություն Ֆրանսիայի, հասարակական-քաղաքական տարբեր հոսանքները ևս ակտիվորեն պաշտպանում էին սեփական պետության շահերն ու դրանցից բխող արտաքին քաղաքականությունը. Գերմանիայի պաշտոնական հարթակներում հնչող «… մեզ չի վերաբերում» կարգախոսն ու սահմանափակումները հաճախ ձևական բնույթ էին կրում»,- նշեց Տիգրան Խաչատրյանը՝ մեջբերելով նաև գերմանացի լրոգրողներին տրված ցուցումները՝ «Ներկա դժվարին պահին չպետք է անգամ փորձառության ենթարկվել. մեր պարտքը ժամանակավորապես լռելն է» և «Հայկական հարցի մասին լավագույնը լռելն է: Թուրքական իշխանությունների վարվելակերպն այդ հարցում առանձնապես գովելի չէ»:
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հասարակագիտական առարկաների և լեզուների ամբիոնի դասախոս Ռաֆայել Սահակյանը ներկայացրեց Թուրքիայում Մեծ Եղեռնից հետո հայկական կապիտալի յուրացումը՝ ընդգծելով, որ Հայոց Ցեղասպանության իրագործման ամենակարևոր դրդապատճառներից մեկը պետք է համարել Օսմանյան կայսրությունում հայկական կապիտալի գերիշխող դիրքը: Ֆիզիկապես վերացնելով կամ բռնագաղթի ենթարկելով քրիստոնյաներին, հիմնականում հայերին. նրանց շարժական և անշարժ գույքին տիրանալու հեռանկարը շատ գայթակղիչ էր նույնիսկ հասարակ ժողովրդի մի ստվար հատվածի համար:
Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին մասնաճյուղերում: Միջբուհական երիտասարդական գիտաժողովին մասնակցում էին նաև ԵՊՀ-ի, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանների, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Ռազմական ավիացիոն ինստիտուտների, Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի, Մշակույթի նախարարության «Պահպանության ծառայություն»-ի, ինչպես նաև Էջմիածնի և Սևանի Վազգենյան հոգևոր ճեմարանների ուսանողները: