ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտական խորհրդի նիստում
17.04.2014

Մանկավարժական համալսարանում կայացավ Գիտական խորհրդի հերթական նիստը, որն այս անգամ նշանավորվեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանակավարժական և Արցախի պետական համալսարանների միջև կնքված համագործակցության պայմանագրով:
Այնուհետև ավանդույթի համաձայն` գիտական խորհրդի նախագահ, ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց հոբելյարներին:
Օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Մելանյա Աստվածատրյանը ներկայացրեց «Մանկավարժական կրթության զարգացման հայեցակարգ»-ի նախագիծը՝ ուղղված մանկավարժական կրթության արդի վիճակի բարելավմանն ու նրա առաջանցիկ զարգացման ապահովմանը:
Ի դեպ, ՀՊՄՀ գիտահետազոտական կենտրոնի մշակած ծրագրի նպատակն է ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան, որակապես նոր մակարդակ ապահովող մանկավարժական կրթության արդյունավետ, ճկուն և դինամիկ գործող համակարգ՝ հիմնված համամարդկային արժեքների վրա.«Հայեցակարգն անհրաժեշտ է համապատասխանեցնել մանակավարժական կադրերի պատրաստման բովադակությունն ու որակը հանրակրթության բարեփոխումների պահանջներին»,-նշեց Մելանյա Աստվածատրյանը:
Բարձրագույն մանկավարժական կրթական համակարգի զարգացման միտումները, առկա վիճակն ու հիմնախնդիրները, արդիականացման հիմնական ուղղությունները, մանկավարժական կրթության բարեփոխման առաջարկություններն ու հեռանկարային զարգացումները. Մելանյա Աստվածատրյանը մանրամասնեց հայեցակարգն ընդգրկող բաժիններն ու դրանց բովանդակությունը:
Գիտական խորհրդի անդամները, կարևորելով նախագիծն ու դրական գնահատելով կատարված աշխատանքը, աուամենայնիվ, հանդես եկան մի շարք առաջարկներով: Որոշում ընդունվեց հայեցակարգի վերաբերյալ դատողություններն ու առաջարկները ներկայացնել նախաձեռնող խմբին, խմբագրել և լրամշակել հայեցակարգը, իսկ վերջնական տարբերակը երաշխավորել տպագրության:
Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ևս կարևորեց հայեցակարգը՝ նշելով, որ այն իր բովանդակությամբ մեծ արժեք ունի, եզակի փաստաթուղթ է՝ հիմնված միջազգային կրթական փորձի վրա:
Ուսանողների ուսումնագիտական աշխատանքների կազմակերպման մասին զեկուցեց Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը:
Վերջինս իր զեկույցում նկատեց, որ ՀՊՄՀ-ում ուսանողների ուսումնահետազոտական աշխատանքներն ընթանում են ուսումնական ծրագրերում ընդգրկված չափորոշիչների համապատասխան, ինչպես նաև ուսանողական գիտական ընկերության գործունեության համատեքստում. «Ուսումնական աշխատանքների հիմքը ուսումնական պլանները և ծրագրերն են` համապատասխան առարկայախմբերով և ժամաքանակներով: Առավելապես նոր որակ է դրսևորվում, երբ վերոնշյալ բաղադրիչները համալրվում են գիտահետազոտականով»,-հավելեց Ուսումնագիտական գծով պրոռեկտորը:
Նա ներկայացրեց ընթացիկ տարում համալսարանի յուրաքանչյուր ֆակուլտետում իրականացված գիտահետազոտական աշխատանքներն ու հանդես եկավ գործընթացի բարելավման առաջարկներով:
Գիտական խորհրդում քննարկվող հաջորդ հարցը «Ինֆորմատիկա» մասնագիտության ուսումնական ծրագրերում կատարված փոփոխությունների մասին էր:
Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Համլետ Հարությունյանն իր զեկույցում անդրադարձավ Ինֆորմատիկա առարկայի դրվածքին, ուսումնական պլաններում և ծրագրերում կատարված փոփոխություններին:
Նա իր ելույթում նկատեց՝ Ինֆորմատիկան արագ փոփոխվող առարկա է, իսկ ցանկացած փոփոխություն բերում է փոփոխություններ նաև ուսումնական պրոցեսում՝ անհրաժեշտություն առաջացնելով արդիականացնել և համահունչ դարձնել նաև այդ առարկայի ուսումնական պլաններն ու ծրագրերը:
Պրոֆեսորը նկատեց՝ ինֆորմատիկայի հիմքը ծրագրավորումն է ու դրա լեզուները. անհարժեշտ է շտկել գործնական ուղղվածության թուլությունը, ուշադրությունը սևեռել գործնական խնդիրներին և ստեղծել գործիքային միջավայր.« Պետք է մեծ ուշադրություն դարձնել նաև բակալավրատի և մագիստրատուրայի ոչ տրամաբանական համապատասխանությանը՝ նոր մեթոդներով ու առարկաների ներդրմամաբ արդիականացնել կրթության շարունակական գործընթացը: Կարևոր է նաև դասախոսների հանդեպ նոր պահանջները. վերապատրաստումներն ու ինքնակրթությունը թույլ կտան բարձր մակարդակով լուծել ստեղծված վիճակը՝ փոփոխություններին անցնել սահուն կերպով: Անելիքներն ու պլանները շատ են, պահանջվում է ժամանակ և լուրջ աշխատանք»,-հավելեց նա:
Համլետ Հարությունյանը նշեց նաև, որ Ինֆորմատիկա առարկայի փոփոխությունները վերաբերում են ինչպես մասնագիտական, այնպես էլ բոլոր ֆակուլտետներին. ծրագրերը վաղուց արդեն հնացած են, սակայն նոր ուսումնական տարում առարկան կդասավանդվի նոր՝ արդիականացված ծրագրերով:
Նիստի ընթացքում ձայների մեծամասնությամբ Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ ընտրվեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեոր Սուրեն Դանիելյանը, Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ՝ մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը, իսկ Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ՝ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Հարությունյանը:
Թանգարանագիտության, գրականագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյանին, Զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանին շնորհվեց պրոֆեսորի, իսկ Անգլերեն լեզվի ուսուցման ամբիոնի ասիստենտ Մետաքսյա Դարաբյանին՝ դոցենտի կոչում:
Նիստի ընթացքում հաստատվեցին 5 թեկնածուական ատենախոսությունների թեմաներ, տպագրության ներկայացվեցին երաշխավորված գրքերը, Հատուկ կրթության և Սկզբնական կրթության ֆակուլտետների ուսանողներին տրամադրվեցին անվանական կրթաթոշակներ. քննարկվեցին նաև ընթացիկ այլ հարցեր: