Այսօր Մանկավարաժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի, բուհի ֆակուլտետների դեկաների, ամբիոնների վարիչների, ՀՊՄՀ Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի և Վահան Թոթովենցի № 57 հիմնական դպրոցի տնօրենների մասնակցությամբ հրավիրվել էր աշխատաժողով:

Հանդիպման ընթացքում Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանը ներկայացրեց Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի և հիմնական դպրոցի զարգացման ռազմավարական ծրագրի նախագիծը:
Աիդա Թոփուզյանն իր ելույթում նշեց, որ ծրագիրը նպատակ ունի ապահովել սովորողների անձնային, սոցիալական և հոգևոր շարունակական զարգացումը և մրցունակությունը միջազգային և ազգային կրթական տարածքում՝ հանրակրթական բոլոր մակարդակներում որակական չափորոշիչների նախագծման և ներդրման միջոցով:
«Կթահամալիրի նպատակն է ստեղծել ժամանակակից ուսումնագիտական նորարարական կենտրոն՝ կրթահամալիր, որը կնպաստի շարունակական կրթության իրականացմանը, կրթության բարձր որակի ապահովմանը, մասնագիտական կողմոնորշմանն ու զարգացմանը, մանկավարժական գիտության զարգացմանը,այլընտրանքային առարակայական ծրագրերի և դասագրքերի ստեղծմանը»,-նշեց Աիդա Թոփուզյանն ու նկատեց, որ կրթահամալիրն առաքելություն ունի դառնալու սովորողների և սովորեցնողների համայնք:
Պրոֆեսոր Թոփուզյանն ընդգծեց՝ կրթահամալիրն ի տարբերություն այլ կրթօջախների ունենալու է մի շարք առանձնահատկություններ.կրթահամալիրի կառավարման խորհրդում 30 տոկոսը կկազմեն ուսուցիչներ, 30-ը՝ ծնողներ, նույնքան տոկոս կկազմեն համալսարանի ներկայացուցիչներ, իսկ 10 տոկոսը՝ ավագ դպրոցի աշակերտներ: Հաջորդ էական տարբերությունը լինելու է լրացուցիչ կենտրոնների առկայությունը՝ հետազոտական լաբորատորիաներ, ուսուցիչների մասնագիտական զարգացման, ապագա լիդերի դպրոցներ և այլն:

Կրթական բարենպաստ միջավայրի, բարոյահոգեբանական դրական մթնոլորտի ապահովում, կրթության բովանդակության, ուսուցման մեթոդների, ձևերի արդիականացում, կրթահամալիրի նյութատեխնիկական բազայի ամրապնդում, մանկավարժական կադրային քաղաքականության իրականացում, համայնքի, ընտանիքի և սոցիալական այլ ինստիտուտների հետ համագործակցության ամրապնդում, սովորողների ինքնավարության խորացում և զարգացում,բուհ-կրթահամալիր գիտահետազոտական և այլ համատեղ աշխատանքների իրականացում. հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվեցին նաև Հենակետային դպրոցի և վարժարանի զարգացման ռազմավարական ուղղություննրեն ու նպատակներին հասնելու միջոցները:
Ներկաները բանախոսին ուղղեցին մի շարք հարցեր, հանդես եկան առաջարկներով. Մասնավորապես՝ Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հակոբ Գրիգորյանն առաջարկեց ծնողների մանկավարժական, առողջաբանական, հոգեբանական գիտելիքների փոխանցման դեպքում ընդգրկել նաև վերոնշյալ ամբիոնը:
Աիդա Թոփուզյանը, պատասխանելով մասնագիտական կողմոնորշման և մանկավարժի մասնագիտության վարկի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ հարցերին, նկատեց՝ խնդիրների լուծմանը կնպաստի նոր՝ մանկավարժության հոսքի ստեծումը:
Առաջարկ եղավ նաև, որ ասպիրանտների ու հայցորդներին գիտափորձերն արվեն դպրոցում.դա կնպաստի ինչպես ուսումնական գործընթացում աշխատանքի, այնպես գիտական աշխատությունների որակի զարգացմանը:
Ռուբեն Միրզախանյանը կրթահամալիրի ստեղծման գործում կարևորեց հատկապես ուսուցման բովանդակային մասի իրագործումը, նկատի ունենալով, որ նման դեպքերում հաճախ շեշտը դրվում է նյութատեխնիկական բազայի վրա: Նա նկատեց՝ կրթահամալիրը կհենվի ազգային կրթական ավադույթների վրա, կունենա որակապես նոր ուսուցիչ, կլինի անվճար և չի բացառվի, որ կդառնա ոլորտի առաջատար:

Ռեկտորը կարևորեց նաև դպրոցի և ամբիոնների հետ տարվող ամենօրյա աշխատանքն ու ներկաներին ևս մեկ անգամ հիշեցրեց՝ Մանկավարժականն առաջին հերթին մանկավարժ պատրաստելու դարբնոց է: