ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ռուբեն Միրզախանյան. «Աշոտ Աբրահամյանը բոլոր ժամանակների մեծություն է»
17.04.2014

«Բուհի պատմությունը ոչ միայն շրջանավարտների սերունդներն են, այլև այնտեղ դասավանդած գիտական և մանկավարժական մտքի մեծությունները. այդ համաստեղության մեջ կարևորագույն նշանակություն ունի նաև Աշոտ Աբրահամյանը:

Յուրաքանչյուր ժամանակ ունենում է իր հերոսներն ու դրսևորումները, սակայն կան մեծություններ, որոնք բոլոր ժամանակների համար են, ինչպես Աշոտ Աբրահամյանը»,-նշեց ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը Բանասիրական ֆակուլտետում կազմակերպված ՀԽՍՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Աբրահամյանի ծննդյան 95-րդ ամյակին նվիրված գիտաժողովի ընթացքում:

Ռեկտորը հավելեց նաև, որ պրոֆեսորն իր կերպարով, բացառիկ ազնվությամբ և գիտնականի վեհ կոչմամբ հաղորդել և շարունակում է որակ հաղորդել Մանկավարժական համալսարանին. «Մենք չենք ասում՝ այստեղ աշխատել է Աշոտ Աբրահամյանը. նա միշտ մեզ հետ է իր ուսանողներով, ասպիրանտներով»:

Ռուբեն Միրզախանյանը կարևորեց նման գիտաժողովների կազմակերպումը նաև այլ տեսանկյունից. գիտական աշխատություններից օգտվելուց զատ, կարևոր է նաև նրան մոտիկից ճանաչելը, իսկ դա կարող են անել գիտնականի ուսանողները, որոնց համար նրան աշակերտելը իսկական բարեբախտություն է:

Բանասիրական ֆակուլտետի դեկան Յուրի Դավթյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ նշանավոր լեզվաբանին նվիրված գիտաժողովին մասնակցելու համար և իր զեկույցում վերլուծեց նրա՝ «Գրաբարի ձեռնարկ»-ի ծանոթագրությունները:

«Աբրահամյանն այնքան լավ գիտեր գրաբար, որ կարծես ծնված լիներ 5-րդ դարում: Միևնույն ժամանակ, ինչքանով պատկերացնում էր լեզուն ու գրաբարը, այդքան էլ լավ գիտեր իր ժողովրդի պատմությունը. մեծ հայրենասեր էր և հպարտանում էր իր ժողովրդի պատմության ներկայացմամբ»,-նշեց Յուրի Դավթյանը՝ մեջբերելով իր ուսուցչի ամենահիշարժան պատգամներից մեկը՝ հողը հպարտություն է, հողը հայրենիք է և ուժ:

Իրենց զեկույցներում ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ, պրոֆեսորներ Աելիտա Դոլուխանյանն ու Լավրենտի Հովհաննիսյանն անդրադարձան Աշոտ Աբրահամյանի՝ Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ի աշխարհաբար թարգմանության կարևորությանն ու ներկայացրին դիտարկումներ որոշ հատվածների վերաբերյալ:

«Աշոտ Աբրահամյանի ժառանգության մեջ մեծ տեղ զբաղեցնող և գրաբարին նվիրված աշխատություններով հայոց հնամենի լեզվի մեջ հմտացել են մի քանի սերունդներ և դեռ պետք է հմտանան»,-նշեց պրոֆեսոր Դոլուխանյանը՝ հավելելով, որ նշանավոր լեզվաբանի թարգմանությունների առաջաբաններն ու ծանոթագրությունները դարձել են 20-րդ դարի 2-րդ կեսի հայագիտության նվաճումներից:

Պրոֆեսոր Էդիկ Մկրտչյանը Աշոտ Աբրահամյանի ուսանողներից է, ով իրեն բախավոր է համարում միայն այն բանի համար, որ լսել և վայելել է պրոֆեսորի կենդանի խոսքը.«Ես տարվեցի նրանով հենց սկզբից. նա տարբերվում էր իր ժամանակիցներից իր բարյացկամությամբ և անգամ՝ գիտելիքների ստուգման եղանակներով: Դասախոսություններն այնքան լսելի էին, որ երբեմն նա նմանվում էր և´բժիշկի, և´ փիլիսոփայի. նրանից պետք է սովորել բոլոր ժամանակներում»:

Դոցենտներ Լիլիթ Հովսեփյանն ու Պարույր Սահակյանն իրենց զեկույցներում անդրադարձան Ստեփանոս Օրբելյանի Պատմության գեղարվեստական հատվածների աշխարհաբար թարգմանությանն ու ծանոթագրությունների հարստությանը, իսկ Աշոտ Գալստյանը ներկայացրեց Աշոտ Աբրահամյանին նվիրված հուշագրությունների լեզվական հիմքերը, որոնք հուշագրողների հիշողության արտացոլումն են. «Տողերի միջից կարծես զգում ես մեծ լեզվաբանի խոսքի հարստությունն ու բազմերանգությունը, և հիշողության մատյանում վեր է հառնում նրա առինքնող դիմանկարը»:

Գիտաժողովի ներկա էին Աշոտ Աբրահամյանի տարբեր տարիների ուսանողները, ֆակուլտետի դասախոսները, ուսանողները, ինչպես նաև լեզվաբանի ավագ դուստրը՝ Նաիրուհի Աբրահամյանը, ով իր գոհունակությունը հայտնեց գիտաժողովի կազմակերպման առթիվ՝ նշելով. «Այսպիսով ուսանողները հիշում և գնահատում են մեծ գիտնականի վաստակը, ինչպես նաև վարակվում այն «հայկականությամբ», որ ուներ Աշոտ Աբրահամյանը»: