ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի հանդիպումը Աշակերտական խորհրդի հետ
18.04.2014

Օրերս Երևանի №42 ավագ դպրոցում կազմակերպվել էր դպրոցի Աշակերտական և Մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհուրդների անդամների հանդիպումը՝ նախագահներ Մերի Համբարձումյանի և Ներսիկ Մարգարյանի մասնակցությամբ: Ի դեպ, հենց այդ դպրոցում են իրենց ուսումնաճանաչողական պրակտիկան անցկացնում ՀՊՄՀ Պատմության և իրավագիտության ֆակուլտետի իրավագիտություն (մանկավարժություն) բաժնի առկա ուսուցման համակարգի 2-րդ և հեռակա ուսուցման համակարգի 5-րդ կուրսերի ուսանողները:

Հանդիպմանը ներկա էին նաև Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Նաիրի Բալաբեկյանը, №42 ավագ դպրոցի շրջանավարտներ Մայքլ Բաբայանն ու Աստղիկ Հակոբյանը. վերջիններս եղել են դպրոցի Աշակերտական խորհրդի, իսկ ներկայումս՝ Մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի անդամներ:

ՀՊՄՀ ՈւԽ նախագահը աշակերտներին տեղեկացրեց Մանկավարժականի միջազգայնացման գործընթացի մասին, ինչպես նաև բուհի՝ շրջանավարտների մասնագիտական որակավորում ստանալու գործում պրակտիկան կարևորելու հետևողական քաղաքականությունը:

Ներսիկ Մարգարյանը Աշակերտական խորհրդի անդամներին ներկայացրեց իր փորձը, ուսանողական առօրյայում խորհրդի կարևորագույն գործառույթներն ու անելիքները, ինչպես նաև առաջարկեց կազմակերպել համատեղ միջոցառումներ, ինչպես նաև իր աջակցությունը հայտնեց աշակերտական խորհրդի տարբեր նախաձեռնություններ իրականացնելու հարցում:

Ուսումնաճանաչողական պրակտիկայի ղեկավար Աիդա Կոծինյանը ՈւԽ նախագահին ներկայացրեց №42 ավագ դպրոցում անցկացրած օրերի ամփոփ նկարագիրը՝ բարեհամբույր ընդունելության, բարենպաստ աշխատանքային պայմաններ ստեղծելու, սերտորեն համագործակցելու և իրենց բոլոր նախաձեռնություններին աջակցելու համար իր երախտագիտությունը հայտնելով դպրոցի ողջ անձնակազմին՝ ի դեմս տնօրեն Էլեոնորա Թումանյանի:

Ուսանողները ՈւԽ նախագահին ներկայացրին իրենց անհատական ուսումնական թղթապանակները՝ հավելելով, որ պրակտիկայի ընթացքում հավաքագրված հայ և ռուս դասական գրականության նմուշները նվիրելու են դպրոցի գրադարանին:

Ի դեպ, պրակտիկա անցնող ուսանողներն աշակերտներին հրավիրեցին Մանկավարժական համալսարանի թանգարան և գրադարան: