Այսօր Հուշարձանների պահպանության միջազգային օրվա շրջանակում Մանկավարժական համալսարանի թանգարանում բացվեց «Հայաստանի միջնադարյան ճարտարապետությունը» խորագիրը կրող վիրտուալ ցուցահանդես:
ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»-ի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի, ՀՊՄՀ Թանգարանագիտության և հուշարձանագիտության, Հայոց պատմության ամբիոնների ու ՀՊՄՀ-ի թանգարանի համատեղ կազմակերպած ցուցահանդեսի նպատակն էր ներկաներին, մասնավորապես՝ երիտասարդ սերնդին ևս մեկ անգամ ծանոթացնել Արևելյան և Արմտյան Հայաստանների, Արցախի տարածքում գտնվող հուշարձաններին:
Բացման խոսքով հանդես եկավ Հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Աշոտ Փիլիպոսյանը, ով ևս մեկ անգամ հիշեցրեց օրվա խորհուրդն ու մատնանշելով ՀՊՄՀ-ում կազմակերպված տպավորիչ ցուցադրությունը՝ հորդորեց հետևել գենետիկ հիշողությանն ու սերնդեսերունդ ավանդել պատմամաշակութային արժեքները:
Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյան ևս նկատեց՝ ցուցահանդեսի նպատակն է վերաարժևորել և ներկա սերնդին հաղորդակից դարձնել բազմադարյան պատմություն ունեցող ազգի պատմամշակության արժեքներին: Պրոռեկտորը կարևորեց, որ վաղ քրիստոնեության շրջանում ձևավորված հայկական ճարտարապետական արժեքներն իրենց արդիականությունը չեն կորցրել նաև մեր օրերում և դրանք հատուկ ուշադրության են արժանացել ինչպես ծագումնաբանական, իմացաբանական, փիլիսոփայական բովանդակության վերհանման, այնպես էլ իրենց մեջ կրող հին, էզոտերիկ գաղափարի շնորհիվ:
Այցելուները ցուցադրության ընթացքում ծանոթացան հայերեն և անգլերեն ներկայացվող նյութերին.ի դեպ, նախատեսված է բազմացնել ցուցադրության էլեկտրոնային տարբերակն ու դրանք բաժանել հանարպետության դպրոցներին:
«Սովորաբար երբ խոսում են Հայաստանի մասին, ասում են, որ այն թանգարանը է բաց երնքի տակ.17-րդ դարից սկսած՝ հայկական հուշարձանների մասին իրենց տպավորություններն են գրել և հուշարձանների պատկերները վերատպել անգլիացի, գերմանացի և ֆրանսիացի բազմաթիվ ճանապարհորդներ»,-իր ելույթում նշեց ՀՊՄՀ Թանգարանագիտության և հուշարձանագիտության ամբիոնի վարիչ Լավրենտի Բարսեղյանն ու հավելեց՝ հայրենիքը սիրելու լավագույն դրսևորումը հուշարձանների պահպանումն է:
Պրոֆեսոր Բարսեղյանը թվարկեց ոլորտում առկա բացթողումներն ու հույս հայտնեց, որ Մանկավարժական համալսարանում կրթվող հուշարձանագետների սերունդը կնպաստի պատմական հիշողությանն ու հուշարձանների պահպանմանը:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» տեղակալ, գլխավոր ֆոնդապահ Լիանա Գրիգորյանն, անդրադառնալով հուշարձանների պահպանության խնդիրներին, ընդգծեց, որ հուշարձանների պահպանման և վերականգնման ոլորտում անելիքները շատ են և պահանջում են ֆինանսական մեծ ներդրումներ: