ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայկական հուշարձանները՝ ՀՊՄՀ ուսանողների լուսանկարներում
18.04.2014

Այսօր Օղակաձև զբոսայգում բացվեց «Հայաստան, իմ սեր» խորագիրը կրող լուսանկարների բացօթյա ցուցահանդես՝ նվիրված հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվան:

Կենտրոն վարչական շրջանի Կրթության և մշակույթի վարչության կազմակերպած լուսանկարների բացօթյա ցուցադրությանը ներկայացված էին Մանկավարժական համալսարանի Օպերատորության և գեղարվեստական լուսանկարչության բաժնի տարբեր կուրսերի, ինչպես նաև Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի Դիզայնի բաժնի ուսանողների, «Արեգնազան» կրթահամալիրի և անհատ նկարիչների լուսանկարներ:

«Հայաստան, իմ սեր» խորագրով ցուցահանդեսի նպատակն էր հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա շրջանակում այցելուներին ոչ միայն ծանոթացնել հայաստանյան պատմությանն ու մշակույթին, այլև կոչ անել հոգատարությամբ ու խնամքով վերաբերվել նախորդ սերունդներից փոխանցված և արդի շրջանի արձաններին և հուշարձաններին:

Օպերատորության,գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Ռուբեն Երզնկյանի կարծիքով՝ նման ցուցահանդեսները ոչ միայն փորձի փոխանակման, այլև հասարակությանն իրենց ստեղծագործությունները ներկայացնելու հաջողված տարբերակ է:

Նշենք, որ ողջ օրվա ընթացքում Օղակաձև զբոսայգում (Մոսկովյան-Տերյան խաչմերուկի հարակից տարածք) այցելուները կարող են ծանոթանալ հայկական հուշարձանները ներկայացնող շուրջ 100 լուսանկարի, որից 25-ը Մանկավարժական համալսարանի ուսանողների աշխատանքերն են: