Մանկավարժական համալսարանում ամփոփվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը. հանդիսավոր փակման արարողությունը նշանավորվեց բուհում հյուրընկալված Մասիսի № 4, Միսաք Մանուշյանի անվան №48 և Երևանի ֆրանսիական հիմնական դպրոցի սաների ներկայությամբ:
Կրթօջախներից յուրաքանչյուրը համերգի ընթացքում հանդես եկավ ֆրանսիական շունչն ու կոլորիտը ներկայացնող ծրագրով.Տերունական աղոթք՝ ֆրանսերենով, երկրի հիմն ու գեղարվեստական ամենահայտնի երկերի բեմականացումներ՝ «Փարիզի Աստվածամոր տաճար»-ից մինչև «Ճպուռն ու մրջյունը»:
Մասիսի № 4 դպրոցի սաներն իրենց ծրագրում ամենահայկական գործիքի՝ դուդուկի երաժշտության ուղեկցությամբ հարգեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակն ու ներկաներին հիշեցրին, որ Ֆրանսիան առաջին պետություններից մեկն էր, որ պաշտոնապես ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը:
Ամենկրտսեր ֆրանկոֆոնները՝ Երևանի ֆրանսիական հիմնական դպրոցի սաները, հանդես եկան տիկնիկային բեմադրությամբ՝ ներկայացնելով մանկական ամենահայտնի ֆրանսիական հեքիաթներն ու երգերը:
Ֆրանսիական կղզիների պատմությունն ու դրանք բնորոշող թեթև ու ռիթմիկ երաժշտական կատարումներ ու նաև՝ ամենառոմանտիկ, չհնացող շանսոն. այսպես եզրափակեցին ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումը Միսաք Մանուշյանի անվան №48 դպրոցի աշակերտները:
Ներկաներին և միջոցառման մասնակիցներին ողջունեցին և միջոցառման վերաբերյալ իրենց անթաքույց հիացմունքը հայտնեցին Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանն ու Ռոմանական լեզուների ամբիոնի վարիչ Դոնարա Ղազարյանը:
Տիգրան Միքայելյանը նկատեց՝ ֆրանսիական սիրով և բարձրաճաշակ մշակույթը ներկայացնող ձեռնարկն ապացուցեց ուսուցիչների և աշակերտների սերը դեպի ֆրանսիական մշակույթը:
Դոնարա Ղազարյանն էլ դպրոց-համալսարան համագործակցության շրջանակում կրկնակի տոն համարեց դպրոցականների այցն ու կարևորեց ֆրանկոֆոն ընտանիքի անդամ լինելու գաղափարը.«Ուրախ կլինեմ մեր բուհում տեսնել ձեզ նման ուսանողներ. ցանկանում եմ, որ ձեր առաջին այցը Մանկավարժական չլինի վերջինը: Սիրեք և պահպանեք ֆրանսերենն ու ֆրանսիական մշակույթը մինչ ձեր կյանքի վերջ»,-եզրափակեց Դոնարա Ղազարյանը:
Համերգի ավարտին միջոցառման մասնակիցներին տրվեցին հավաստագրեր, իսկ Մասիսի № 4 դպրոցի հաշմանդամություն ունեցող սաներից Տիգրան Հավսեփյանին սպասվում էր անակնկալ. իրականացավ նրա՝ համակարգիչ ունենալու երազանքը. ՀՊՄՀ օտար լեզուների ֆակուլտետը նրան նվիրեց նոթբուք:
.jpg)