«Վերաինտեգրացիայի կենտրոն –Հայաստան» (RECEA) ծրագրի շրջանակներում Մանկավարժական համալսարանում ծրագրի մասնակից երեխաների և նրանց ծնողների համար կազմակերպվել էր Սուրբ Զատիկի տոնական արարողություն։
Մասնակիցները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցեցին Հարության տոնական պատարագին, համալսարանում դիտեցին Զատկի խորհուրդն ու ժողովրդական ավանդույթները ներկայացնող էլեկտրոնային ներկայացում, ապա տոնական սեղանի շուրջ երգով ու պարով ճաշակեցին զատկական ավանդական կերակուրներ:
Միջոցառման կազմակերպիչների կարծիքով՝ հայրենի մշակույթի, պատմության, ավանդույթների հետ նմանատիպ հանդիպումները կնպաստեն, որ երեխաներն իրենց զգան Հայաստանի մի մասնիկը՝ սիրելով և ամուր կապվելով հայրենի հողին։
Հիշեցնենք, որ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ 2012 թվականի դեկտեմբերի 1-ից գործող «Վերաինտեգրացիայի կենտրոն –Հայաստան» (RECEA) ծրագիրն իրականացվում է գերմանական AWO Heimatgarten կազմակերպության կողմից՝ հայկական, լեհական և բուլղարական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։
Ծրագրում ընդգրկված են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (ՀՊՄՀ), Գերմանական ուսումնամշակութային կենտրոնն ու «Հույս և օգնություն» հասարակական կազմակերպությունը։
Ծրագրի շրջանակներում Մանկավարժական համալսարանում ստեղծվել է ադապտացման կենտրոն, որի նպատակն է աջակցել Հայաստանում ներգաղթյալների վերահարմարմանը՝ ցուցաբերելով հատկապես հայրենադարձ երեխաների ու պատանիների կոնկրետ, հոգեբանական, իրավաբանական, սոցիալ-մշակութային աջակցություն: