Այսօր Մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում կայացած հուշ-ցերեկույթով Մանկավարժական համալսարանում սկիզբ դրվեց Մեծ Եղեռնի զոհերի 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքին:
Միջոցառման ընթացքում հանդես եկան Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից հրավիրված կատարողներ՝ հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր, Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի երգչախումբը՝ դիրիժոր Արտաշես Բաբուրյան խմբավարությամբ, մենակատարներ Արմինե Օջախյանը, Սոնա Պետրոսյանը, Մարիաննա Ավետիսյանը, Գայանե Ոսկանյանը, Մարիա Քոչարյանը, Շաքե Թադևոսյանը, Մանուշ Հարությունյանը (Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա). միջոցառումը եզրափակեց Մանկավարժական համալսարանի ջութակահարների անսամբլը:
Իրենց ստեղծագործություններում կատարողները ոչ միայն հարգանքի տուրք մատուցեցին 1915 թվականի Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, այլև ևս մեկ անգամ վստահեցրին՝ գուցե աշխարհում ընդունված կանոնի համաձայն մեկ տարի անց Հայոց Հարցն այլևս պատմություն կդառնա և Ցեղասպանությունն իրագործած մի ամբողջ ժողովուրդ կազատվի պատասխանվությունից, իսկ առաջադեմ երկրների ատյաններից կհանվեն Հայ դատի պահանջները, սակայն ոչ մի կանոնագիրք չի կարող ստիպել մոռանալ այդ արհավիրքը:
«Կատարումները լալկան չէին, այլ ստեղծում էին տարելիցին նախորդող տրամադրությանը համահունչ մթնոլորտ, որ ներշնչում է լավատեսություն և հավատ դեպի ապագան»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Մշակույթի կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արկադի Շեկունցը՝ ցանկություն հայտնելով, որ ուսանողներն առավել սերտորեն շփվեն դասական երաժշտության հետ. այն հավիտենական է: