Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանում Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցին ընդառաջ բացվել է «Հայոց Ցեղասպանություն. 1915...» խորագրով ցուցադրություն:
Ցուցադրված են Հայաստանում և այլուր հայերեն, ռուսերեն, անգլերեն տպագրված ավելի քան 150 գիտական մենագրություններ, գեղարվեստական գրքեր, վկայություններ, հուշեր, թերթեր:
Ըստ թեմատիկայի՝ ներկայացված են պատմաբան Ստեփան Պողոսյանի՝ Ցեղասպանությանը վերաբերող «Հայոց Ցեղասպանության պատմություն» գրքի երեք, «Թուրքերը թուրքերի մասին» գրքի չորս /չորրորդ հատորը անգլերեն ամփոփում է/, «Հարևաններ մոտ և հեռու» գրքի երեք հատորները, «Հայկական հարցի և Հայոց Ցեղասպանության պատմություն», «Սասունցիներ», «Ինձ բահ տվեք» և այլ գրքեր:
Առանձին ցուցադրված են նաև Հայոց Ցեղասպանությունը դատապարտած երկրների մասին հայերեն և այլալեզու գրքեր, Ցեղասպանությունը վերապրած մարդկանց վկայություններ, հուշեր, այլ պետությունների դիվանագիտական ծառայությունների վկայագրեր, ինչպես նաևՑեղասպանության ժամանակակից մեծ մարդասերների ծառայություններն ու Ցեղասպանության շարունակություն համարվող Սումգայիթում, Բաքվում իրագործված ջարդերի մասին գրքեր և քեսաբահայերի մասին պատմող թերթային հոդվածներ: