ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Հարության առասպել»՝ ՀՊՄՀ հենակետային վարժարանում
23.04.2014

Վառվող մոմեր, ծաղիկներ ու նաև՝ Ցեղասպանությունը իրողություն համարելու պահանջ. Մեծ Եղեռնի 99-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներից անմասն չմնացին նաև ՀՊՄՀ Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի հումանիտար հոսքի 10-րդ դասարանի աշակերտները:

Միջոցառման ընթացքում խորհրդանշական հագուստով աշակերտները միաբերան բարձրաձայնեցին՝ մենք պահանջատեր ենք, մեր աչքերը լեցուն են ոչ թե արյունով ու արցունքով, այլև հավատով. ով չի հավատում հարության առասպելին, թող գա Հայաստան: Վարժարանի սաները ներկայացրին Ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթային տեղեկություններ, Մեծ Եղեռնի վերաբերյալ աշխարհի տարբեր երկրների արձագանքներն ու 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ հայ ժողովրդի անելիքների մասին:

«Պետք է ոչ թե սգալ անցյալի մոխիրների վրա, այլև հասկանալ և գիտակցել՝ մենք վերածնվել ենք հենց այդ մոխիրներից. սա է հարության առասպելը»,-նշեց նախաձեռնության հեղինակ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լուսինե Տոնոյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր հայի պարտքն է նախ ճանաչել և իմանալ սեփական ազգի պատմությունը, ապա նաև լինել պահանջատեր:

Միջոցառմանը ներկա էին աշակերտներ, ուսուցիչներ, ՀՊՄՀ դասախոսներ, այդ թվում նաև Հայոց պատմության ամբիոնի վարիչ Աշոտ Փիլիպոսյանը՝ նշելով, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր վերելքի և վայրէջքի փուլերը. նա արժանի է իր պատմությանն ու այն ընթացքին, որը նախատեսել է. «Ամեն մի ազգ հարատևման ճանապարհ ունի, եթե նոր սերունդը ավելի լավն է, քան նախորդը: Ձեր ելույթը վկայում է, որ մեր ժողովուրդն ու պատմությունը հարտևություն է կերտում՝ ճանապարհ հարթելով դեպի փայլուն ապագա»:

Հենակետային վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը տեղեկացրեց, որ տարելիցին ընդառաջ բոլոր դասարաններում անցկացվել են բաց դասեր, իսկ ապրիլի 24-ին՝ դպրոցում ձևավորված ավանդույթի համաձայն, վարժարանի աշխատակազմը, աշակերտներն ու ծնողները կկազմակերպեն երթ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:

«Սեփական ազգի ողբերգությունը պետք է իմանալ դեռ վաղ տարիքից, բայց ոչ թե սգալու, այլև պահանջատեր լինելու և ապագայի վերաբերյալ ասելիք, անհրաժեշտ գիտակցություն ձևավորելու համար»,-նշեց Նաիրա Սաֆարյանը՝ նկատելով, որ նման շնորհալի աշակերտների հետ աշխատելը նույնպես հայ ժողովրդի հարությունն է:

Ի դեպ, միջոցառմանը աջակցել են նաև Պատմության և իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողները. վերջիններս մեթոդիստ Արմինե Եփրիկյանի ղեկավարությամբ իրենց շարունակական պրակտիկան են անցկացրել ՀՊՄՀ հենակետային (ավագ դպրոց) վարժարանում: