ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայ նշանավոր կին մանկավարժները
12.04.2012
Չնայած կանանց նվիրված տոներն արդեն հետևում են, սակայն Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը, համագործակցելով Ընդհանուր մանկավարժության ամբիոնի հետ, կազմակերպել էր «Հայ նշանավոր կինմանկավարժները» խորագրով միջոցառում` նվիրված մայրության և գեղեցկության տոնին:
Պատմության և իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ հանդես եկան զեկույցներով:
Թեմաները բազմազան էին` «Կանանց դաստիրակության հարցերը միջնադարյան Հայաստանում», «Մանկապարտեզ-Ծաղկոնց», «20-րդ դարի հայ կին գիտնականները» և այլն:
Բոլոր զեկույցների առանցքը մեկն էր` հայ կինը, ով անկախ ժամանակի սահմանափակումներից ու անիրավահավասարությունից, ստացել է լավ դաստիրակություն, կրթություն և ծավալել ակտիվ հասարակական գործունեություն:
Միջոցառման ընթացքում հնչեցին նաև Վահան Տերյանի ու Հովհաննես Շիրազի գարնանն ու մայրերին նվիրված ստեղծագործություններից:
Ընդհանուր մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լաուրա Ասատրյանը, շնորհավորելով ներկաներին, ասաց. «Այն, ինչ ներկայացվեց հայ կնոջ մասին, ընդամենը մի կաթիլ էր: Սակայն եղածն էլ բավական էր, որ մեկ անգամ ևս փաստենք. հայ կինը տղամարդուն հավասար աշխատել, աշխատում է և կշարունակի աշխատել հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Եվ որ ամենակարևորն է` նա կշարունակի ազգի բազմացման գործընթացը»,-եզրափակեց Լաուրա Ասատրյանը:
Միջոցառման կազմակերպմանն աջակցել է նաև մանկավարժական գիտությունների թեկնածու, Ընդհանուր մանակվարժության ամբիոնի դասախոս Ժաննա Թադևոսյանը:
Վերջինս ուրախ է ուսանողների հետ համագործակցության համար և գոհ` առաջին գեղարվեստական, գիտական համատեղ փորձի արդյունքից: