ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժական համալսարանի ուսանողները այցելեցին մանկատուն
12.04.2012

Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի «աշխարհագրության» բաժնի 3-րդ կուրսի ուսանողները, ֆակուլտետի ասիստենտ Վարդուհի Հովհաննիսյանի ղեկավարությամբ, Սուրբ Զատկի օրը այցելեցին Մ. Իզմիրյանի անվան մանկատուն:

Ձեռնարկը կազմակերպվել էր Երևանի Եղիշե Չարենցի անվան համար 67 դպրոցի հետ համատեղ:

Ուսանողները մանկատան սաների համար անակնկալ էին պատրաստել. նրանք Չարենցի անվան դպրոցի աշակերտների հետ բեմադրել էին «Սուրբ Հարության տոնը» ներկայացումը:

Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: Մանկատան սաների հետ հանդիպմանը ներկան են եղել նաև Հայ առաքելական եկեղեցու երիտասարդ սպասավորները: Վերջիններս օրհնել են մանկատան սաներին` հորդորելով վառ պահել բարու, լույսի և սիրո խորհուրդը:

«Արդեն երրորդ տարին, որ կազմակերպում ենք նմանատիպ այցելություններ: Այս անգամ էլ որոշեցինք մանկավարժական պրակտիկան համատեղել մանկատուն այցելության հետ: Այս մանկատանն ապրում են նաև հատուկ կարիքներ ունեցող երեխաներ և շատ օգտակար է, որ ապագա մանկավարժները շփվեն նրանց հետ: Դա հնարավորություն կտա կուտակած փորձը կիրառել դասապրոցոսում»,-մեզ հետ զրույցում ասաց Վարդուհի Հովհաննիսյանը:

Միջոցառման ավարտին կազմակերպիրները մանկատան սաներին բաժանել են փոքրիկ հուշանվերներ:

Նմանատիպ այցելությունները մանկավարժականի ուսանողների համար շարունակական բնույթ են կրում: