ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Թանգարանները կապեր են ստեղծում
18.05.2014
Թանգարանները կապեր են ստեղծում

Արդեն 10 տարի Հայաստանը միանում է «Թանգարանների գիշեր»համաեվրոպական միջոցառմանը. 2014 թվականը հոբելյանական առումով խորհրդանշական է:

 

«Թանգարանային հավաքածուների միջոցով են ստեղծվում կապերը» խորագիրը կրող «Թանգարանների գիշեր»միջոցառմանն արդեն երկրորդ անգամ մշակութային բազմազան ծրագրով հանրապետության բուհական թանգարաններից մասնակցեց միայն Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարանը:

 

Թանգարանի այցելուներին ՀՊՄՀ ռեկտորատի անունից շնորհավորեց, հաճելի ու հագեցած օր մաղթեց բուհի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը, ով կարևորեց թանգարաններ՝ որպես պատմամշակութային, ուսումնական և հետազոտական օղակներ լինելը:

 

Պրոռեկտորը հիշեցրեց՝ դեռևս 19-րդ դարում թանգարանները հետազոտական գործունեություն են ծավալել, իսկ 20-րդ դարում արդեն դարձել նաև մանկավարժական գործունեության կենտրոններ.«Նմանատիպ միջոցառումները կօգնեն թանգարանների ռեսուրսները ներկայացնելուն և հասարակությանը թանգարան բերելուն»:

 

«Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էր նաև Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը: Վերջինս բուհի թանգարանում ցուցադրության էր բերել ազգային տարազներով աշխարհի տիկնիկների իրենց ընտանեկան հավաքածուն.ի դեպ, 30-ից ավելի տիկնիկների 51-ամյա հավաքածուն առաջին անգամ էր ցուցադրվում հասարակությանը, այն էլ՝ մանկավարժական բուհում:

 

Գլխավոր հյուպատոսը շնորհավորեց բոլորին և չթաքցրեց հիացմունքն ու զարմանքը՝ տեսնելով Մանկավարժական համալսարանի ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած թանգարանն ու Մասիսի պատկերի վրա այցելուներին«ողջունող»Խաչատուր Աբովյանին:

 

Վերջինս նկատեց՝ թանգարանը նորովի է ներկայացնում համալսարանի պատմությունն ու այդ պատմությունը կերտող մարդկանց,ինչի հնարավորություն նախկինում չի եղել:

 

ՀՊՄՀ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի աշխարհագրության բաժնի ուսանողները ներկայացրին տիկնիկներն ու համապատասխան երկրներին բնորոշող հետաքրքիր փաստեր ու սովորույթներ՝ եվրոպականից մինչև արևելյան քաղաքակրթություն:

 

«Թանգարանային գիշեր»միջոցառման ընթացքում Համալսարանի սրահում ցուցադրվեցին գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողների ստեղծագործությունները, իսկ բուհի քանոնահարներն ու շվիահարները ներկայացրին գեղեցիկ ստեղծագործություններ:

 

Ներակաները հնարավորություն ունեցան նաև դիտել Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցի խմբակի երեխաների և Զովքի դպրոցից ևս մեկ աշակերտի պատրաստած տիկնիկները.ծիսական չորս տիկնիկները ներկայացված էին ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից մոտեցումներով:Այնուհետև Արարատի մարզի Խաչփար գյուղի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանցիներն իրենց դասվար Անուշ Հակոբյանի հետ միասին ներկայացրին հայկական ծիսական տիկնիկների մասին երգեր. երեխաների շուրթերից դուրս եկած այդ երգերով էլ կենդանություն առան ցուցադրված տիկնիկները:

 

Միջոցառումների շարքը Մանկավարժականում շարունակվեց համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի հագուստի մոդելավորման բաժնի ուանողների դիպլոմային աշխատանքների ներկայացում-պոդիումով.հագուստներն աչքի էին ընկնում ազգային և ժամանակակից նրբերանգներով, ճաշակի ու վարպետության համադրությամբ

 

Օրվա վերջում համալսարանի ուսանողներն ու շրջանավարտները կազմակերպեցին հայկական ազգային տիկնիկների պատրաստման ուսուցում, որին մասնակցում էին ամենատարբեր տարիքի երեխաներ:

 

Համալսարանական մասնաշենքերի ետնաբակում հայկական հին ազգային խաղերի ուսուցում էին կազմակերպել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտ, դասախոս Դավիթ Պարյանը և ուսանողները, որի նպատակն էր նոր սերնդի մեջ արմատավորել հայկական ազգային մոռացված մի քանի խաղ և հայ մարմնակրթության մշակույթի մեջ կրկին կարևորել դրանց տեղն ու դերը:

 

«Մենք փորձեցինք այս տարի անել ամեն ինչ, որ բուհական թանգարանը կապեր ստեղծի ուսանողների, շրջանավարտների, դպրոցականների, թանգարանային աշխատողների հետ: Կարծում եմ՝ գերհագեցած օրն ու տարատեսակ միջոցառումների միջոցով հնարավոր եղավ ներկայացնել համալսարանի գործունեությունն ու հնարավորությունները, միաժամանակ, ստեղծել մշակութային կապեր»,-«Թանգարանայաին գիշեր»-ն ամփոփելով նշեց ՀՊՄՀ Թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը:

 

Հիշեցնենք, որ «Թանգարանների գիշեր» միջոցառումն ամեն տարի նախորդում է Թանգարանների միջազգային օրվան, որոնք անց են կացվում Եվրախորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-Ի և ԻԿՕՄ-ի հովանավորությամբ: