Համալսարանի գիտական խորհրդի հերթական նիստի օրակարգում ընդգրկված էին Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկանի ընտրության, գիտական կոչումների շնորհման,

համալսարանի 90-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների, համալսարանում օտար լեզուների դասավանդման և այլ հարցեր:
Նախքան օրակարգին անցնելը, համալսարանի գիտական խորհրդի նախագահ, ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, ավանդույթի համաձայն, շնորհավորեց ամսվա հեբելյարներ Պողոս Սիմոնյանին, Հերբերտ Գասպարյանին, Մարինա Աղաբեկյանին և Հրաչիկ Նազարյանին:
Ապա Ռուբեն Միրզախանյանի կողմից դոկտորի և պրոֆեսորի դիպլոմներ ստացան Մկրտիչ Սահրադյանը, Վարդգես Գյուլիկյանը, Մարինե Յաղուբյանը և Անահիտ Մինասյանը:
Օրակարգի առաջին հարցը Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկանի ընտրությունն էր: Առաջադրված միակ թեկնածուն ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սարգիս Էլբակյանն էր:
Վերջինս ներկայացրեց Գեղարվեստական ֆակուլտետի զարգացման հայեցակարգերի հիմնական դրույթները` ուսանողների հետ տարվող կազմակերպչական և ուսումնադաստիարակչական աշխատանքները, գիտական, ստեղծագործական գործունեությունը և ֆակուլտետի հակակոռուպցիոն ծրագիրը:
Դեկանի թեկնածուն ներկաներին հավաստիացրեց` ընտրվելու դեպքում ծրագիրը կյանքի կկոչվի առաջիկա հինգ տարիների ընթացքում:
Փակ գաղտնի քվեարկության արդյունքում 55 կողմ, 1 դեմ և 2 անվավեր ձայնով Սարգիս Էլբակյանն ընտրվեց Գեղարվեստական ֆակուլտետի դեկան:

Օրակարգի հաջորդ հարցը ներկայացրեց հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մհեր Կարապետյանը:
Վերջինս գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց գիտական կոչումների հավակնող թեկնածուներին: Առաջադրված բոլոր թեկնածուները հաստատվեցին փակ քվերակության արդյունքում:
Գիտական խորհրդի հաջորդ հարցը ներկայացրեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը:
Համալսարանի ռեկտորը ներկայացրեց մանկավարժական համալսարանի 90-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների ցանկը:«Սա լավ հնարավորություն է մեր հասարակությանը ուշադրությունը ևս մեկ անգամ բևեռելու դեպի մանկավարժական համալսարանը: Կրթօջախ, որն իր գոյության 90 տարիների ընթացքում ունեցել է մոտ 100.000 շրջանավարտ: Այդ շրջանավարտներից շատերի գործունեությամբ պայմանավորված է եղել հայ ազգային դպրոցի ստեղծումը, հաջողություններն ու կայացումը»,-ասաց համալսարանի ռեկտորը:
Ռուբեն Միրզախանյանը ընդգծեց, որ մանկավարժականն առաջին բուհն է հանրապետությունում, որը կազմակերպել է աննախադեպ միջազգային գիտաժողով:«Ապրիլի 16-17-ը «Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական և գործնական հիմնախնդիրներ թեմայով գիտաժողովն իր տեսակի մեջ եզակի է: Մեզ հյուրընկալելու են աշխարհի 14 երկրներից համաշխարհային ճանաչում ունեցող փիլիսոփաներ և հոգեբաններ: Վստահ եմ` այս ձեռնարկն իր արժանի տեղը կգտնի բուհի հոբելյանին նվիված միջոցառումների շարքում»,-հավելեց նա:
Գիտական խորհրդի անդամներին Օտար լեզուների ուսուցման արդյունավետությանն ուղղված միջոցառումների մասին ներկայացրեց ուսումնական և գիտամեթոդական գործունեության համակարգման վարչության պետ, պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը: Օտար լեզուների դասավանդման բնագավառում իրականացվող քաղաքականությանը և դրա կարգավորմանն ուղղված քայլերը գիտական խորհրդի անդամների կողմից ընդունվեց միաձայն:
Գիտական խորհրդում քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր: