Այսօր Մանկավարժական համալսարանի և Հայաստանում IZI travel ընկերության հայաստանյան ներակայացուցչության ջանքերով բուհի թանգարանում գործարկվեց աուդիոգիդ ծառայությունը. շնորհանդեսին ներկա էին մի շարք թանգարանների տնօրեններ, բուհի պրոռեկտորները, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, հյուրեր:
Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը կարևորեց ծրագրի ներդրումը բուհում՝ նկատելով, որ ՀՊՄՀ թանգարանի աուդիոգիդ ծառայությունը հասանելի կլինի նաև հատուկ կարիքներ ունեցող անձանց, քանի որ բացի աուդիոտեքստերից, կցված են նաև աուդիոթարգմանություններ.«Թանգարաններից բացի, IZI travel տեխնոլոգիան ներկայացնում է նաև զբոսաշրջային ուղղություններ՝ նախատեսված հետիոտների, հեծանվորդների, ավտոբուսով շրջող զբոսաշրջային խմբերի, ինչպես նաև նավարկային զբոսաշրջային ուղղությունների համար: Այսպիսով, մենք հնարավորություն կունենանք զբոսաշրջային ուղղություններ նախապատրաստել համալսարանի թանգարանից սկսած մինչև Աբովյան պուրակ, որի կազմում ընդգրկված կլինեն նաև այդ տարածքի հաստատությունները»:
9 ամիս տևած աշխատանքի արդյունքում՝ ՀՊՄՀ թանգարանի այցելուներին աուդիոգիդ ծառայությունը դեռևս հասանելի է միայն երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն, սակայն առաջիկայում նախատեսվում է ծառայությունը ներկայացնել նաև այլ լեզուներով.ծրագիրը հասանելի է 37 լեզվով:
Ի դեպ, ծառայությունն անվճար է և հասանելի Android, iOS, Windows օպերացիոն համակարգերով գործող սարքավորումների համար.հանդիպման ընթացքում տեխնիկական մանրամասները ներկայացրեց թանգրանի աշխատակից Մարիաննա Մանուչարյանը:
IZI travel ընկերության հայասատանյան ներկայացուցիչ Անահիտ Հովհաննիսյանը, բարձր գնահատելով թանգարանի աշխատակիցների հետևողական աշխատանքն ու ընդգծելով նրանց անսպառ երևակայությունը, կազմակերպության անունից թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանին հանձնեց Սամսունգ ֆիրմայի սմարթֆոն, որով հասանելի է աուդիոգիդ ծառայությունը:
old.aspu.am-ի հետ զրույցում Անահիտ Հովհաննիսյանը նկատեց՝ Մանկավարժական համալսարանի թանգարանն առաջինն է, որ միացել է աուդիոգիդ ծառայությանը.այն հիմնականում նախատեսված է անհատ այցելուների համար, ովքեր առանց էքսկուրսավարի օգնության կծանոթանան թանգարանի հնարավորություններին:
ՀՊՄՀ թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանն էլ վստահեցրեց՝ ծրագրի ներդումը կնպաստի թանգարանի հայտնիությանն ու այցելուների շարքում արտասահմանացիների թվի ավելացմանը:
Աուդիոգիդ ծառայության շնորհանդեսին ներկա Հովհաննես Թումանյանի տուն- թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը չթաքցրեց հիացմունքը՝ ՀՊՄՀ թանգարանը գնահատելով իր տեսակի մեջ յուրահատուկ և գողտրիկ.«Բուհական թանգարանների շարքում այն իր ուրույն տեղն ունի, իսկ ներդրված ծրագիրը կօգնի աշխարհին ճանաչելի դարձնել թանգարանն ու«այցելել» տարբեր ժամերի:
Ուրախ եմ, որ թանգարանն առաջ անցավ մյուսներից՝ կատարելով առաջին քայլն այս ասպարեզում: Որքան մեծ է թանգարանը, այնքան շատ են անելիքները. սա մեծ աշխատանք է, որը կարծում եմ օրինակելի կլինի այլ թանգարանների համար»,-հավելեց Նարինե Թուխիկյանը:
Նշենք, որ աուդիոգիդ ծառայությունը հայաստանյան թանգարանների մեջ նորամուծություն է, որը հանարավորություն է տալիս աշխարհի ցանկացած վայրում ներկայացնել իր հաստատության, տարածաշրջանի, դրանցում գտնվող տեսարժան վայրերի մասին տեղեկատվություն: