Այսօր Մանկավարժական համալսարանի տարբեր ֆակուլտետների ավարտական կուրսերի ուսանողներ հյուրնկալել էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում գործող «Զբաղվածության պետական ծառայություն» կազմակերպության համակարգման բաժնի գլխավոր մասնագետներ Էլյա Հովհաննիսյանին և Անահիտ Կարապետյանին:
Վերջիններս ուսանողներին նախ ներկայացրին զբաղվածության կարգավորման պետական քաղաքականության իրականացման գործում կազմակերպության գործառույթները, ապա նաև զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերը, որոնք ուղղված են տարածքային կենտրոններում գործազուրկի կարգավիճակ ստացած շահառուների աշխատանքի անցնելուն:
Գլխավոր մասնագետ Էլյա Հովհաննիսյանը նկատեց՝ տեղական և միջազգային վերլուծությունները ցույց են տվել, որ երիտասարդներն աշխատանքային փորձ չունենալու պատճառով աշխատաշուկայում դառնում են առավել խոցելի. խնդիրը հաղթահարելու համար գործակալությունն իրականացնում է եռամսյա ծրագիր, որին կարող են դիմել ուսումն ավարտելուց 3 տարի հետո դեռևս աշխատանք չգտած մասնագետները:
Ի դեպ, որակավորման փորձ անցնող շահառուները պրակտիկան անցկացնում են անձամբ գործատուի մոտ և ստանում են աշխատավարձ:
«Կազմակերպության ծրագրերը վերաբերում են բոլոր մասնագիտություններին»,-վստահեցրին «Զբաղվածության պետական ծառայություն» կազմակերպության մասնագետները և առավել մանրամասն ներկայացրին գործող բազմաթիվ ծրագրեր, մասնավորապես՝ մասնագիտական ուսուցման, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար տրամադրվող ֆինանսական աջակցության, աշխատաշուկայում անմրցունակ խմբերին աշխատանքի ընդունելիս գործատուին աշխատավարձի մաuնակի փոխհատուցման և այլն:
Զբաղվածության ոլորտի մասնագետները կոչ արեցին հետաքրքրվողներին մանրամսների համար այցելել գործակալության պաշտոնական կայքէջ՝ www.employment.am, ապա պատասխանեցին նաև աշխատանք գտնելու խնդրով հետաքրքրված ուսանողների հարցերին:
ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային գծով պրոռեկտոր Արա Երեմյանը հանդիպումը համարեց գործնական և´ դասախոսների, և´ ավարտական կուրսերի ուսանողների համար՝ վստահեցնելով՝ բուհն ամեն ինչ անում է, որ ուսանողները լինեն իրազեկված աշխատաշուկայում ճիշտ և հավասար պայմաններում մրցելու համար:
Նշենք, որ հանդիպումը կազմակերպել էր Մանկավարժական համալսարանի Հեռանկարային ծրագրերի մշակման և մշտադիտարկման վարչությունը: