Երեխաների պաշտպանության միջազգային օրվա նախօրեին Մանկավարժական համալսարանի թանգարանը «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էլ միջոցառում՝ բուհ հրավիրելով տեսողության, լսողության խանգարումներով, Մարի Իզմիրլյանի անվան մանկատան և «Մանկան զարգացման միջազգային կենտրոն»-ի սաներին:
Օրիգամի, կավե զարդերի պատրաստում, գունազարդում ու նաև երգ, պար երեխաների անմիջական մասնակցությամբ և Հատուկ ու Սկզբնական կրթության ֆակուլտետների մագիստրոսների, ինչպես նաև բուհի թանգարանի աշխատակիցների ուղեկցությամբ:
Շնորհավորանքի խոսքում պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը ներկայացրեց տոնի ծագումն ու պատմությունը, խորհուրդը, դրոշն ու տոնը նշելու կարևորությունը. «Երեխաներըի պաշտպանության օրը ոչ միայն ուրախ տոն է, այլև հասարակությանը երեխաների իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին հիշեցնելու լավագույն առիթ»,-նշեց պրոռեկտորը և երեխաներին մաղթեց մեծանալ երջանիկ, սովորել և զբաղվել սիրելի գործով, ապագայում դառնալ հիանալի ծնողներ և երկրի պատկառելի քաղաքացիներ:
Թղթից զանազան իրեր պատրաստելու արվեստը՝ օրիգամին համախմբել էր տարբեր տարիքի երեխաներին. «Հիկարի» կենտրոնի սան Տաթևիկը տարբեր պատկերներ պատրաստելուն զուգահեռ old.aspu.am-ի հետ զրույցում նշեց. «Սա բոլոր երեխաների տոնն է: Նրանց մաղթում եմ այն, ինչ շատ հաճախ ինձ են մաղթում՝ առողջություն»:
Նույն կենտրոնի սան Մարիան օրվա խորհրդանիշ գույնով՝ կանաչով թղթե զամբյուղի հեղինակն է. փոքրիկը շտապում է դրանում օրվա առթիվ իր բարեմաղթանքները տեղավորել՝ երջանկություն, հաջողություն և առողջություն:
«Հայ երեխաների հանդեպ սերը չի պակասում, պարզապես մի փոքր հանդուրժողականություն է անհրաժեշտ, ինչը պետք է սկսել նաև բուհից՝ ուսանողների և հատուկ կարիքներով երեխաների հետ կապը սերտացնելով»,-նշեց Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմինե Ավագյանը և միանալով օրվա առթիվ հնչած բոլոր մաղթանքներին՝ ևս մեկ անգամ շնորհավորեց ներկա, ինչպես նաև աշխարհի բոլոր մանուկներին: