Ապրիլի 13-ին ՀՀ ՊՆ աջակցությամբ մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Զինվորական մանկավարժություն և հոգեբանություն

բաժնի 2-րդ կուրսի ուսանողները ճանաչողական այցով Իջևանի զորամասում էին: Նրանք ծանոթացան զորամասի առօրյային, մարտական հերթափոխի իրականացման ընթացքին, զինծառայողների կենցաղին, ռազմական տեխնիկային:
Ուսանողները շփվեցին զինծառայողների հետ ու ճաշեցին մարտական հենակետերում ծառայություն իրականացնող ու իրենց կյանքն ամեն րոպե վտանգող հասակակիցների հետ:
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Թադևոսյանը «Զինվորական մանկավարժություն» դասընթացի շրջանակում կարևորում է նման գործնական պարապմունքների անցկացումը: «Ժամանակակից բարձրագույն կրթությունը, կրթական չափորոշիչները պահանջում են բանիմաց, տեսական և գործնական հարուստ գիտելիքներ և պատրաստվածություն ունեցող մասնագետներ: Նման այցերը կարևոր են հատկապես է զինվորական մանկավարժ-հոգեբանի մասնագիտության պարագայում»,-ասաց Հակոբ Թադևոսյանը:
Երրորդ բանակային զորամիավորման հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ` գնդապետ Արա Սարգսյանի ուղեկցությամբ ուսանողները եղան նաև Տավուշի մարզի Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին գտնվող X-XIIIդդ. Կառուցված Մակարավանք միջնադարյան վանքային համալիրում:
Գնդապետն ուսանողներին հանգամանորեն ներկայացրեց զորամասում և ճամբարային հավաքների ընթացքում զինծառայողների հետ իրականացվող ուսումնադաստիարակչական աշխատանքների ընթացքը, բովանդակությունը, հիմնական մեթոդները:
Վերջինս հույս հայտնեց, որ նման այցերը շարունակական կլինեն և առաջարկեց հաջորդ այցելության ընթացքում կազմակերպել թեմատիկ գործնական պարապմունքներ, գիտահետազոտական աշխատանքներ: