Օրերս Մանկավարժական համալսարանի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի 92 ուսանողներ իրենց ուսումնական պրակտիկան անցկացրին ՀՊՄՀ-ի Աղավնաձորի ուսումնական բազայում:
Հագեցած գրաֆիկով 6-օրյա պրակտիկան անցկացվեց Հայկական լեռնաշխարհի տարբեր վայրերում՝ Հանքավանի հանքային տաք աղբյուրների ելքեր, Մարմարիկի ջրամբար, Ծաղկաձոր քաղաք-առողջարան, Հրազդանի ՋԷԿ, Հրազդանի երկրագիտական թանգարան, Մեղրաձոր, Սևանի թերակղզի և «Ճայերի կղզի»:
Ապագա կենսաբանները, աշխարհագետները, քիմիկոսները, բնապահպանները պրակտիկայի ընթացքում ծանոթացան Մարմարիկի հովտի ֆիզիկաաշխարհագրական պայմաններին, Կոտայքի մարզի տնտեսությանը, անդրադարձան բոլոր երթուղիների բնապահպանական հիմնախնդիրներին՝ հետիոտն և տրանսպորտային երթուղիների ընթացքում:
Պրակտիկայի ղեկավարների ուղեկցությամբ ուսանողները ծանոթացան Մարմարիկ գետի հովտի բուսական և կենդանական աշխարհին, լանդշաֆտներին, ռեկրեացիոն ռեսուրսների ներկա օգտագործման վիճակին և հեռանկարներին:
Պրակտիկայի ղեկավարներից Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի դոցենտ Նշան Մկրտչյանը old.aspu.am-ի հետ զրույցում կարևորեց նման պրակտիկայի կազմակերպումը՝ նշելով՝ ուսանողներըը հենց դաշտային պայմաններում են ճանաչում բնության երևույթներն ու փոփոխությունները. տեսական գիտելիքները հիմնավորվում են գործնական աշխատանքով:
Ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի դասախոս Վարդուհի Հովհաննիսյանն էլ հավելեց՝ պրակտիկան անցկացվեց աշխատանքային պլանին համապատասխան՝ հագեցած գրաֆիկով, որոնց շուրջ ուսանողները ներկայացնելու են հաշվետվություններ:
«Առանց պրակտիկայի հնարավոր չէ պատկերացնել հստակ գիտելիք. պրակտիկայի ընթացքում ամրապնդվեցին տեսական գիտելիքները՝ ստեղծելով ամուր հիմք մեր մասնագիտության համար»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց աշխարհագրության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Ինեսա Մկրտչյանը՝ ցանկություն հայտնելով, որ պրակտիկայի ժամաքանակներն ավելացվեն և կրեն էլ ավելի բարձր գիտական բնույթ:
«Լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել: Տեսական գիտելիքները գործնականում դժվար կլինի կիրառել՝ առանց դրա պրակտիկ նշանակությանը տիրապետելու. պրակտիկայով գիտելիքները դառնում են շոշափելի»,-հաստատում է Աշխարհագրության բաժնի 1-ին կուրսի ուսանող Աշոտ Մկրտչյանն ու ցանկություն հայտնում, որ պրակտիկայի ժամաքանակների ավելացմանը զուգահեռ ընդլայնվեն նաև ուսումնասիրության վայրերի սահմանները:
Ուսանողների պնդմամբ՝ ուսումնական բազայի ղեկավարությունը, պրակտիկայի ղեկավարները, համալսարանի անվտանգության աշխատակիցները, ճաշարանի աշխատակազմն ու տրանսպորտային բաժինն արեցին ամեն ինչ, որ ուսանողները պրակտիկայից բացի, նաև անցկացնեն լիարժեք հանգիստ:
Ապագա մանկավարժները վստահ են՝ նոր ուսումնական տարին սկսելու են գործնական նոր գիտելիքներով ու հմտություններով զինված և ապագայում դրանք իրենց աշակերտներին փոխանցելու բարձր պատրաստակամությամբ:
Նշենք, որ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ուսումնական պրակտիկան հուլիսի 13-19-ը ՀՊՄՀ ուսումնական բազայում ղեկավարել են տարբեր ամբիոնների դասախոսներ՝ Ռայա Քարամյանը, Սվետլանա Մկրտչյանը, Մարո Քոչարյանը, Նշան Մարգարյանը, Սիմա Դայանն, Վարուժան Հովհաննիսյանն ու Վարդուհի Հովհաննիսյանը:



.jpg)
.jpg)