Ապրիլի 12-ին ՀՀ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպվել էր գիտամեթոդական կոնֆերանս` նվիրված ՀՀ Զինված ուժերում առկա
մանկավարժահոգեբանական հիմնախնդիրներին, դրանց լուծման գիտամեթոդական համակարգերին, տեխնոլոգիաներին:
ՀՀ Պաշտպանության նախարարության և Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի միջև համագործակցության շրջանակում կոնֆերանսին զեկուցումներով հանդես եկան ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան` հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը, Զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ` հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը, Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի վարիչ` հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կարապետյանը, գիտահետազոտական կենտրոնի տնօրեն` հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Կամո Վարդանյանը, հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ` հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահան Սարգսյանը, դեկանի տեղակալ` մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Թադևոսյանը:
Վերջիններս ներկայացրեցին «Զինված ուժերի վերաբերյալ հասարակական կարծիքի ձևավորման և կոնֆլիկտների կառավարման հոգեբանական ապահովման ռազմավարությունը», «Զինծառայողների սթրեսակայունության բարձրացման դեստրուկտիվ հակումների կանխարգելման հոգեբանական ուղիները», «Հոգեբանական ներգործության միջոցները և դրանց ուսուցումը զինված ուժերում», «Ռազմաուսումնական հաստատությունների կրթական ծրագրերի արդիականացման գործընթացի հոգեբանամանկավարժական հիմնախնդիրները» թեմայով զեկուցումները:

Դրան հաջորդեց հետաքրքիր և կառուցողական քննարկում:
Կոնֆերանսին մասնակցում էին նաև ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի, նրանց հետ տարվող դասատիարակչական աշխատանքների համար պատասխանատու հրամանատարների աշխատանքների գծով տեղակալները:
Կոնֆերանսի ավարտին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վալերի Գրիգորյանը, ամփոփելով կոնֆերանսի աշխատանքները, շնորհակալություն հայտնեց համալսարանի աշխատակիցներին ակտիվ և փոխշահավետ համագործակցության համար, ու նման հանդիպումները շարունակական դարձնելու ցանկություն հայտնեց: