ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտական խորհրդի նիստում
29.08.2014

2014-2015 ուսումնական տարվա առաջին գիտական խորհուրդը մեկնարկեց ավանդույթի համաձայն՝ հոբելյարներին շնորհավորելով, այնուհետև ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը Ջուլիետա Գյուլամիրյանին, Սերգեյ Աղաջանյանին, Ռուբեն Երզնկյանին հանձնեց պրոֆեսորի, իսկ Նարինե Ստեփանյանին և Լաուրա Ավագյանին՝ դոցենտի գիտական կոչումների հավաստագրերը:

 

Այնուհետեւ Գիտական խորհրդի անդամները լսեցին 2014-2015 ուսումնական տարվա Գիտխորհրդի աշխատանքային ծրագրի վերաբերյալ զեկույցը. խորհրդի անդամները միաձայն հաստատեցին ծրագրի նախագիծը:

 

Բուհի Կրթության որակի և հեռակա ուսուցման գծով պրոռեկտոր Տիգրան Այվազյանն իր զեկույցում անդրադարձավ համալսարանի գործունեության ռազմավարական ծրագրին և մանրամասն ներկայացրեց 2014 թվականի ընթացքում կատարված աշխատանքը:

 

 

 

Անդրադառնալով ռազմավարական ծրագրի իրականացման նպատակներին՝ պրոռեկտորն իր զեկույցում ներկայացրեց դրանցից առավել կարևորները. ապահովել համալսարանի կառավարման համակարգի արդյունավետությունը և ֆինանսական կայունությունը, աջակցել հակակոռուպցիոն քաղաքականության իրականացմանը, ուսումնական գործընթաց ներմուծել ներառական կրթության կազմակերպչական դրույթները, ինչպես նաև բարելավել դիմորդների մասնագիտական կողմնորոշման մեխանիզմները, ապահովել ուսումնառողների ներգրավվածությունը համալսարանի գործունեության տարբեր ոլորտներում և այլն:

 

Տիգրան Այվազյանն ներկայացրեց նաև համալսարանի կադրային ներուժը զարգացնելու ուղղությամբ կատարված աշխատանքները՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է նպաստել նրանց մասնագիտական, հետազոտական և ստեղծագործական աճին:

 

Համալսարանի գործունեության ռազմավարական ծրագրի մի մասն էր կազմում նաև ֆակուլտետների մասշտաբով իրականացված աշխատանքը, որի արդյունքները Գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց Հեռանկարային ծրագրերի մշակման և մշտադիտարկման վարչության պետ Ռիտա Գևորգյանը՝ նշելով, որ դրանք են համահունչ են հավատարմագրված գործընթացներին և համապատասխանում են Բոլոնյան գործընթացի չափորոշիչներին:

 

Գիտական խորհրդի նիստի ընացքում հայտնի դարձան նաև խորհրդի անդամների՝ բուհի ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների թեկնածուների վերաբերյալ փակ քվեարկության արդյունքները. 51 կողմ, 2 դեմ և 2 անվավեր և 52 կողմ, 2 դեմ, 1 անվավեր արդյունքով Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, պրոֆեսոր Փարավոն Միրզոյանն ընտրվեց ՀՊՄՀ Կերպարվեստի ամբիոնի, իսկ մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անուշ Եղիազարյանը Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչի պաշտոնում:

 

 

Ընթացիկ հարցերում Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը խորհրդի նիստի անդամների հաստատմանը ներկայացրեց 5 թեկնածուական և 1 դոկտորական ատենախոսությունների թեմաներ. 1 գիրք էլ խորհրդի անդամները երաշխավորեցին հրատարակության:

 

Ընթացիկ հարցերի թվում Գիտական խորհրդի անդամները հաստատեցին նաև ՀՊՄՀ հիմնական՝ Վահան Թոթովենցի անվան №57 դպրոցի կանոնադրության նախագիծն ու ՍՄԳ կառավարում և մենեջմենթ մասնագիտության ուսումնական պլանները: